Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն ընդգծում է, որ մինչ իր ընտրվելը միության ներսում բազմաթիվ ապօրինություններ են տեղի ունեցել: Հունիսի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը նա ասաց, որ ինքը ստանձնել է միության նախագահի պարտականությունները 1998 թվականին, իսկ մինչ այդ միության ներսում բազմաթիվ ապօրինություններ են եղել:
Նա նշեց, որ միությունը հարուստ կառույց է եղել, անգամ գեղարվեստի ֆոնդ է ունեցել: «Ես նախագահ եմ ընտրվել 1998 թվականին, երբ կար 11 թեկնածու: Պարտականություններս տանձնելուց հետո պարզվեց, թե ինչ էր կատավում այստեղ: Կան փաստաթղթեր, որ, մինչ իմ նախագահ ընտրվելը, միության ունեցվածքի 58 տոկոսից ավելին ապօրինաբար վաճառվել է: Կար նաև սրճարան, որը 1997 թվականին վաճառվել է 700 հարյուր դոլարով»,-շեշտեց նա:
Աղամյանի խոսքով` եղել են լրատվամիջոցներ, որոնք բազմիցս բարձրաձայնել են այն, թե ինչպես է շենքը գնվել, ով է եղել առաջին գնորդը, ինչպես է այն գրավ դրվել տարբեր բանկերում:
Աղամյանը խոստովանեց, որ ընտրվելուց անմիջապես հետո չի անդրադարձել մի շարք խնդիրների, քանի որ չի իմացել դրանց մասին: «Շատ բան պարզել եմ երկու տարի հետո և քայլեր արել: Երբ շենքին վերաբերող հարցը բարձրաձայնեցի դատարաններում, իմ դեմ ելան խոշոր կազմակեպություններ, իսկ ես անգամ իրավաբան չունեի, հետևաբար պարտվեցի: Մինչ օրս միությունը իրավաբան չունի: Իմ աշխատավարձը 80 000 դրամ է, մենք չունենք այդպիսի գումարներ: Փաստեմ, որ պետական բյուջեից մենք երբեք գումար չենք ստացել»,-եզրափակեց նա: