Փաշինյանին խնդրում են միջամտել. վրացական ընկերությունները հարվածում են մեր զբոսաշրջությանը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Փաշինյանին խնդրում են միջամտել. վրացական ընկերությունները հարվածում են մեր զբոսաշրջությանը. armeniasputnik.am

Քանի դեռ Հայաստանի իշխանությունները հապաղում են ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների սակագների վերանայման հարցում, վրացական տուրօպերատորները, իրավիճակից օգտվելով, զբոսաշրջիկներին գայթակղում են ցածր գներով։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ճանապարհորդի ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Երանոսյանը։

18 նստատեղ ունեցող ավտոմեքենաներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունները Հայաստան մուտք գործելու համար հսկիչ անցակետում 50 հազար դրամ են վճարում։

Հայաստանյան փոխադրողների համար սակագները նախատեսված են պետական տուրքերի մասին օրենքով. դեպի Վրաստան միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 17 և ավելի (մեկ երթուղու) նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցի համար 50 հազար դրամ է, մյուս երկրների դեպքում` 150 հազար դրամ։

Ավելին, սահմանային անցակետում ստիպված են վճարել լրացուցիչ 8500 դրամ (անցակետի ծառայությունների համար) և ևս 15 հազար դրամ ապահովագրության համար։

Արդյունքում ստացվում է, որ Հայաստանից մեկ անգամ դուրս գալու համար տուրօպերատորները, բացի վառելիքի համար ծախսած գումարից և վարորդի աշխատավարձից, սահմանն ամեն անգամ հատելու համար մոտ 120 հազար դրամ շատ են վճարում։

Իսկ վրաստանյան տուրօպերատորները բոլորովին այլ պայմաններով են աշխատում։

«Մինչ մերոնք մեզանից այդքան գումար են պոկում, վրացական տուրօպերատորներն իրենց մեկանգամյա տուրփաթեթները նույն այդ զբոսաշրջիկներին Ռուսաստանից և Իրանից առնվազն 100 հազարով դոլարով էժան են վաճառում։

«Այդպիսով ստացվում է, որ մենք հարևանների համար բարենպաստ պայմաններ ենք ստեղծում աշխատելու և իրենց զբոսաշրջային ոլորտը զարգացնելու համար և վնաս հասցնում մերին», — ասաց Երանոսյանը։

Այս հարցը լուծելու համար նա տուրօպերատորների հետ արդեն դիմել է տրանսպորտի նախարարություն, սակայն այնտեղ միայն թոթվել են ուսերը և խնդրել են դիմել պետեկամուտների կոմիտե։

Երանոսյանն իր թիմի հետ խնդրում է վարչապետին ուշադրություն դարձնել իրավիճակին, առավել ևս, որ ամառային շրջան է, երբ տուրօպերատորները կարող են որոշակի գումար աշխատել։

«Մենք ստիպված ենք վրաց գործընկերներին խնդրել օգնել ուղևորափոխադրումների հարցում. նրանք մեզ տրանսպորտային միջոց են տրամադրում, որով Վրաստանից Հայաստան եկող զբոսաշրջիկներին վերցնում են Թբիլիսիի կամ Քութաիսիի օդանավակայաններում և հասցնում Հայաստանի սահման», — ասաց Երանոսյանը։

Եվ սա լավագույն դեպքում, վատագույն դեպքում` նրանք անձամբ են աշխատում այդ երթուղիներով։ Երանոսյանը համոզված է, որ եթե այդպես շարունակվի, Հայաստանը կզրկվի ռուսաստանցի և իրանցի զբոսաշրջիկներից։

«Ինձ բողոքում են ռուսաստանցի զբոսաշրջիկները։ Նրանք չեն հասկանում, թե ինչու են նույն փաթեթը հայերը վաճառում մի գնով, իսկ վրացիները` ուրիշ, ավելի ցածր գնով», — ասում է Երանոսյանը։

Նա կարծում է, որ հարցը պետք է լուծվի պետական մակարդակով, տուրօպերատորներն այս հարցում անզոր են։

Նշենք, որ 2016 թվականին Հայաստան է այցելել 1 մլն զբոսաշրջիկ, 2017 թվականին նրանց թիվն աճել է 21%-ով, իսկ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 346,5 հազար զբոսաշրջիկ, ինչը 16%-ով շատ է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

armeniasputnik.am