ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու մանկահասակ երեխայի մահվան հանգամանքները։
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտըեի դեպարտամենտից, 2018 թվականի հունիսի 11-ին մանհակասակ երեխայի հայրը հաղորդում է ներկայացրել առ այն, որ 15.01.2018թ. ծնված դստերը 2018թ. հունիսի 5-ին տարել են պոլիկլինիկա, որտեղ պատվաստվել է, իսկ հունիսի 7-ին փոքրիկի ինքնազգացողությունը վատացել է, և նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են նույն պոլիկլինիկա, այնուհետև` «Արաբկիր» ԲՀ, որտեղ նա մահացել: Ըստ ծնողի՝ երեխան մահացել է բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով:
Դեպքի առթիվ 11.06.2018թ. ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, որը հունիսի 13-ին ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում եւ վարույթ ընդունվել, ձեռնարկվում անհրաժեշտ քննչական գործողություններ՝ երեխայի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նախաքննական մարմինն ստացել է մահվան մասին բժշկական վկայականը, ըստ որի՝ երեխայի մահվանը հանգեցրած ախտաբանական վիճակ է հանդիսացել «սուր սրտային անբավարարությունը», նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռ չի ստացվել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: