Հասմիկ Կարապետյանը՝ Երևան վերադառնալու, Կանադայում անցկացրած 6 ամիսների և դստեր մասին. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Հասմիկ Կարապետյանը՝ Երևան վերադառնալու, Կանադայում անցկացրած 6 ամիսների և դստեր մասին. life.panorama.am

Երգչուհի Հասմիկ Կարապետյանը շուրջ 6 ամիս Կանադայում անցկացնելուց հետո այս օրերին դստեր հետ Երևանում է: Երգչուհին Life.panorama.am-ին պատմել է Կանադայում ապրելու դժվարությունների, Երևան վերադառնալու և կրկին հետ մեկնելու մասին:

«Երևի քիչ կանայք կհամձայնեին թողնել հարազատներին, սիրելի քաղաքն ու մեկնել ցուրտ Կանադա, որտեղ պետք է ստիպված լինեին միայնակ հոգ տանել ընտանիքի համար, այն էլ այն դեպքում, երբ երեխադ շատ փոքրիկ է: Բայց ես արեցի դա և ուրախ եմ, որ գնահատվեցի ամուսնուս կողմից, իսկ դրա վառ ապացույցն է այն, որ ամուսինս համաձայնեց՝ ես ու Տաթևը գանք ու ամառն անցկացնենք Հայաստանում»,- նշեց Հասմիկ Կարապետյանը:

Երգչուհին  նկատեց՝ կարոտը ոչ միայն հարազատների և հայրական ընտանիքի նկատմամբ է մեծ եղել, այլև՝ երևանյան մթնոլորտի:

«Իրականում ես ու ամուսինս շատ էինք ուզում թավշյա հեղափոխության օրերին լինեինք Երևանում, պարզապես գործերը թույլ չտվեցին, ինչի համար շատ եմ ափսոսում: Բոլորն էլ գիտեն, որ քաղաքականությամբ երբեք չեմ հետաքրքրվել ու զբաղվել, պարզապես ուզում էի լինել ժողովրդիս հետ՝ հրապարակում: Հիմա Երևանում եմ, վայելում եմ հարազատ օդը, հրաշալի ժամանակ եմ անցկացնում ընտանիքիս և ընկերներիս հետ: Ուրախ եմ, որ աղջիկս հիմա հնարավորություն ունի անել ամենահասարակ, բայց կարևոր բանը՝ դուրս գալ բակ և, օրինակ, գնդակ խաղալ երեխաների հետ, ինչը Կանադայում հնարավոր չէ»,- հավելեց նա:

Խոսելով Կանադայում ապրելու մասին՝ Հասմիկը ընդգծեց.

«Իհարկե, Կանադան շատ մեծ հնարավորություններ ունի, որոնք չկան այստեղ, բայց որքան էլ ապրելու համար լավ պայմաններ լինեն, միևնույն է, Հայաստանից դուրս մենք օտար ենք: Ամուսինս ամեն ինչ անում էր, որ ես ինձ այնտեղ լավ զգամ, ամուսնուս ընտանիքը ևս ամեն ինչ անում էին մեզ համար, բայց այնտեղ բոլորն աշխատում են և ես ստիպված էի լինում օրվա մեծ մասը մենակ լինել»:

Հասմիկ Կարապետյանը դժվարացավ ասել՝ կրկին վերադառնալու է Կանադա, թե ոչ:

«Ամեն ինչ ժամանակը ցույց կտա: Իհարկե, ես ու ամուսինս ուզում ենք, որ Տաթևը Հայաստանում մեծանա, բայց ապրելու համար պետք է աշխատանք, իսկ այս պահին ամուսնուս աշխատանքը արտերկրի հետ է կապված»,- նկատեց նա:

Հետաքրքրվելով, թե վերադառնալուց հետո ինչպես կայացավ Տաթևի և Հասմիկ Կարապետյանի ծնողների հանդիպումը, երգչուհին ժպիտով պատմեց.

«Ես շատ էի վախենում, որ աղջիկս օտարացած կլինի, բայց հավատացեք տան շքամուտքից հիշեց մեր տունը և առանց մեր հուշելու՝ քայլելով գնաց դեպի դուռը, էլ չասեմ, որ ուրախությունից ծափ էր տալիս և ստիպում մեզ, որպեսզի մենք էլ ծափահարենք: Հարազատությունը տեսողական հիշողությամբ հիշեց: Իհարկե, առաջին օրերին ինձ կպած էր ման գալիս, բայց դա էլ մի քանի օր անց անցավ»:

Տաթևն արդեն 1 տարեկան 6 ամսական է: Մայրիկի խոսքով՝ ճիշտ հայրիկի կրկնօրինակն է թե արտաքնապես, թե բնավորությամբ:

«Աղջիկս Կանադայում շատ ինքնուրույնացավ, հիմա երեխաների հետ խաղալ չի սիրում, որը պետք է պարտադիր ուղղեմ: Տաթևը շատ լուրջ, հավասարակշռված բալիկ է, ակընհայտ է, որ նա խելացի մարդ է լինելու, որովհետև նրան, օրինակ, խաղալիքները չեն հետաքրքրում, այլ սարքերը և մեխանիզմները: Տաթևը շատ անկախ աղջիկ է, նրան կողքից մարդիկ, երեխաներ պետք չեն, որ կազմակերպի իր խաղը: Պարզ երևում է, որ նպատակասլաց է, որովհետև ամեն ինչին ամեն գնով հասնում է»,- պատմեց Հասմիկը:

Ի դեպ՝ Հասմիկ Կարապետյանն արդեն մտածում է նոր տեսահոլովակ նկարահանելու մասին, որը դստերն է նվիրված լինելու: Երգի հեղինակը հենց երգչուհին է, այն կոչվում է «Իմ Տաթև», որտեղ ամփոփված են երգչուհու բոլոր զգացմունքները՝ դստեր նկատմամբ: Հասմիկ Կարապետյանը մեզ հետ զրույցում գաղտնիք բացեց՝ ասելով, որ ամուսինը ձայնային տվյալներ ունի և չբացառեց, որ ապագայում գուցե միասին դուետ ներկայացնեն:

life.panorama.am



Նման նյութեր