Արշալույս Զուրաբյանի հրապարակումը:
1759 թ. Հովսեփ էմինը Անգլիայից ուղեւորվում է Հայաստան: Նա հայրենիքում երբևէ չէր եղել: Էրզրումի մոտակա Ջինիս հայկական գյուղի բնակիչները կարծում են, թե Էմինը Ստամբուլից ժամանած թուրք պաշտոնյա է և որոշում են ճոխ հյուրասիրություն կազմակերպել:
Հրավիրում են գյուղապետի տուն, ոչխար մորթում, և քանի որ սովոր էին չնախատեսված տարբեր տուրքեր տալու՝ մտածում են դրամ առաջարկել: Նա հավաքված գյուղացիներին հարցնում է, թե ի՞նչն է պատճառը, որ ազատության չեն ձգտում: Պատասխանում են. «մեր քահանաները մեզ ասել են, որ ազատ կլինենք երկնքում, իսկ երկրի վրա պետք է ենթարկվենք մուսուլմաններին»:
Էմինը հայտնում է իր հայ լինելու մասին, բացում Խորենացու «Հայոց պատմությունը», կարդում ազատատենչ ու քաջ նախնիների մասին և կոչ անում պայքարել անկախության համար, բայց հանդիպում է անտարբեր վերաբերմունքի:
1766-ին, երբ Էմինն Արցախում էր, լուր է ստանում, որ Խոյի ու Սալմաստի հայերն ու ասորիները պատրաստ են ապստամբել և իրեն տրամադրել 18 հազար զինվոր: Էմինը ճանապարհվում է Խոյ, սակայն հայրենիք ազատագրելու դիմաց նրանից փող են պահանջում: Անհաջողությունները հուսահատեցնում են մեծ հայրենասերին: 1770 թ. նա հեռանում է Հնդկաստան: