Այսօր կառավրության նիստում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց «ՎԱԲԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին հարցը: Նախարարը նշեց, որ այդ ընկերությունը գործունեություն է ծավալելու գյուղատնտեսության ոլորտում շատ կարևոր համարվող հակակարկտային ցանցերի և կարկտապաշտպան ցանցերի արտադրության մեջ: 2,25 միլիարդ դրամի ներդրում է անելու` 24 աշխատատեղով, միջինը 320 հազար դրամ աշխատավարձով:
«Նկատի առնելով, որ Հայաստանում առաջին անգամ է կազմակերպվում նման արտադրություն, ինչը կարևոր է գյուղատնտեսության ոլորտում, առաջարկում ենք հավանություն տալ»,- ասաց Արծվիկ Մինասյանը: Որոշումն ընդունվեց: