Երգչուհի Լիանան ամուսնալուծվել է: Այս մասին նա անձամբ է հայտարարել, ընդ որում նշելով, որ 3-4 տարի է, լռել է այդ մասին: Նրա ամուսնալուծության լուրերը ժամանակ առ ժամանակ տարածում էին գտնում, բայց երգչուհին ամեն անգամ հերքում էր այն ու նշում, որ իր ու ամուսնու հարաբերությունները լավ են: Life.panorama.am-ի հարցին, թե ինչու է Լիանան 3-4 տարի թաքցրել ամուսնալուծության փաստը, պատասխաեց.
«Գիտեք, ամեն մի ընտանիքի ներսում էլ կարող են լինել անախորժ պահեր: Մենք հաճախ ենք բաժանվել ու հետո միացել: Ես չէի ուզում այդ մասին հայտարարություններ անել, քանի որ կարող էինք և միանալ, դրա համար շտապել հայտարարություններ անել, պետք չէր, հատկապես, որ դա ինձ համար տխուր փաստ էր»,- նշեց նա:
Իսկ հարցին, թե հիմա որոշումն արդեն վերջնակա՞ն է կայացրել նշեց.
«Արդեն շատ ժամանակ է անցել միանալու համար, թեև «Երբեք մի ասա երբեք» հայտնի խոսքը միշտ էլ ակտուալ է»:
Լիանան նկատեց՝ բաժանման պատճառը սերո պակասը չի եղել:
«Պատճառների մասին, անշուշտ, մանրամասներ չեմ հայտնի, առավել ևս ինձ թույլ չեմ տա նախկին ամուսնուս վատաբանել, որովհետև ի վերջո մենք միասին ապրել ենք և ունենք ընդհանուր որդի: Մենք պարզապես իրար չհասկացանք, ապագայի նկատմամբ մեր պատկերացումները տարբեր էին: Մեր ամուսնալուծության պատճառը սիրո բացակայությունը չէր, թեև ամեն ինչ էլ հենց սիրուց է գալիս»,- նկատեց նա:
Լիանան վստահեցրեց՝ որդին հոր ու հայրական բարեկամների հետ շփում ունի, նա որևէ կերպ դրան չի խոչընդոտել:
«Ես չեմ կարող թույլ չտալ, որ տղաս հոր հետ չշփվի, ինքս էլ շարունակում եմ իմ լավ հարաբերությունները նախկին ամուսնուս ընտանիքի հետ»,- ընդգծեց նա, իսկ հարցին, թե տղան ծա՞նր է տանում ծնողների բաժանությունը, պատասխանեց.
«Մենք շատ ենք բաժանվել, հետո միացել, և այդ իմաստով տղաս սովոր է: Նա վեց տարեկան է, դեռևս այդքան էլ լուրջ չի վերաբերվում ստեղծված իրավիճակին: Ինքս կարծում եմ, որ երեխան առողջ մթնոլորտում պետք է մեծանա, նա չպետք է անընդհատ մասնակիցը լինի տհաճ խոսակցություններին: Ի վերջո, հոգեբանական բոլոր խնդիրները գալիս են մանկությունից, դրա համար ես ուզում եմ, որ նա խաղաղ մանկություն ունենա՝ անկախ նրանից ծնողները միասին կլինեն, թե անջատ»:
Սա Լիանայի անձնական կյանքի կառուցման երկրորդ անհաջող փորձն է: Նախկինում նա ամուսնացած է եղել երգիչ Արա Մարտիրոսյանի հետ: Հարցին, թե հիասթափությունները կխոչընդոտե՞ն, որ երգչուհին երրորդ ամուսնության մասին մտածի, նշեց.
«Գիտեք, ամեն ինչ Աստծո ձեռքերում է: Եթե ինչ-որ բան պետք է լինի, ապա ոչ հիասթափությունը, ոչ մի բան խանգարել չի կարող: Բայց երրորդ հարաբերությունների համար ևս ես պետք է սիրեմ: Իհարկե, շատ եմ կարևորում նաև, երբ ինձ են սիրում, դա կնոջ համար իսկապես շատ կարևոր է: Բեմի մարդ լինելով՝ միշտ սիրված եմ եղել, դա շատ բարձր եմ գնահատել, իսկ իմ անձնական ընտանիքում սիրված լինելու դեպքում ինձ կրկնակի երջանիկ կզգամ»: