Ոչ մի լումայի հափշտակություն տեղի չի ունեցել. «Էլլիպս Ջի Էյ» և «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության տնօրեն. news.am
Advertisement 1000 x 90

Ոչ մի լումայի հափշտակություն տեղի չի ունեցել. «Էլլիպս Ջի Էյ» և «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության տնօրեն. news.am

Ոչ մի լումայի հափշտակություն տեղի չի ունեցել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Էլլիպս Ջի Էյ» և «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության  տնօրեն Ալեքսան Զաքարյանն՝ անդրադառնալով  այս ընկերությունում ոստիկանության բացահայտումներին։

Հիշեցնենք, որ ոստիկանությունն օրեր առաջ հատուկ գործողություններ է կատարել  այս ընկերություններում և պարզել, որ «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիփս» ընկերությունները կեղծ հաշվետվություններ են ներկայացրել Ճանապարհային ոստիկանություն, ինչի արդյունքում ընկերությունների տնօրինությունը շուրջ 1 միլիարդ 15 միլիոն 869 հազար 600 հարյուր դրամ է հափշտակել: Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2011, 2013 և 2017 թվականներին ճանապարհային ոստիկանության և «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության միջև պետության կարիքների համար և երթևեկության նկատմամբ վերահսկողության համակարգեր գնելու և ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրեր է կնքվել: Ընկերությունը ստեղծել է արագության վերահսկման մշտադիտարկման համակարգ, որի գործարկման արդյունքում պետության գանձած գումարները բաշխվել են ճանապարհային ոստիկանության և «Սեքյուրիթի Դրիմ»-ի միջև՝ 30/70, 50/50 և 10/90 տոկոսային հարաբերակցությամբ:

«Չկա նման բան, ոչ մի լումայի հափշտակություն տեղի չի ունեցել, ես կարծում եմ՝ շտապել են մի քիչ հայտարարություն անելուց առանց նորմալ թղթերն ուսումնասիրել ու սխալ հայտարարություն են արել, ես կարծում եմ` կուղղեն, որովհետև մի տեղ, որտեղ չկա հափշտակում, չի կարող վերագրվել հափշտակում: Նման բան գոյություն չունի: Ես ավելի քան 100 տոկոսով վստահ եմ, կարող եմ բացատրել` ինչն է բանը: Մեղսագրել են ամբողջ գումարը, որը 15 ամսվա ընթացքում «Սեքյուրիթի դրիմ»–ը վճարել է «Էլլիպս»–ին և պնդում են, որ այդ ամբողջ գումարի դիմաց ոչ մի բան «Սեքյուրիթի դրիմ»–ը չի ստացել, իսկ դուք փողոցներում չեք տեսել «Էլլիպս»–ի սպասարկումը, էդ ամբողջ կամերաների վրա «էլիպս»–ը գործ էր անում, ուղղակի շտապել են, ուզել են արագ հայտարարություն անել, ոչինչ կուղղեն էլի»,–ասել է Ալեքսան Զաքարյանը:  Ըստ նրա՝ այդ ամբողջ գումարը հիմնավորված ծախս է։

«Ամեն ինչը նորմալ է, ուղղակի, որ մեզ կապել են անհասկանալի պատճառներով Սաշիկի հետ, որը որևէ կապ չունի Սաշիկի հետ, մենք Սաշիկին ոչ ճանաչել ենք, ոչ էլ առիթ ենք ունեցել հանդիպելու, ոչ ես, ոչ եղբայրս, ոչ մի կապ նրա հետ չկար, ուղղակի երևի տենց էր հարմար, որ ամբողջ մեր ձեռնարկությունը ստիպեց բոլորին հավասար լինել երթևեկության առաջ, սրանից առաջ ոչ մի պետական ծառայող բարձրաստիճան պաշտոնյա չէին տուգանվել, քշում էին՝ ոնց ուզում էին, ու հանկարծ այս համակարգը բոլորին ստիպեց հավասար լինել օրենքի համար, ու տարածեցին այս լուրերը Կապված Սաշիկի հետ։ Նույն թալանելը էլի կապվում է Սաշիկի անվան հետ»,–ասել է տնօրենը։

news.am