ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հունիսի 21-ին ստացվել և վարույթ է ընդունվել քրեական աշխարհում «Ալո» մականունով հայտնի «օրենքով գող» Ալեքսանդր Մակարյանի կողմից խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելու և պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախնական քննության տվյալներով՝ 2018 թվականի հունիսի 20-ին ոստիկանության աշխատակիցների կողմից «օրենքով գող» համարվող, ՌԴ քաղաքացի, ազգությամբ հայ Ալեքսանդր Մակարյանի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակով և ստվարաթղթով փաթեթավորված չորացված ու մանրացված դեղնականաչավուն զանգված:
Համաձայն դատաքիմիական փորձաքննության թիվ 287Ք-18 եզրակացության՝ հայտնաբերված զանգվածը հանդիսանում է մարիխուանա տեսակի թմրամիջոց՝ 11.19 գրամ քաշով:
Հունիսի 21-ին Ա.Մակարյանին մեղադրանք է առաջադրվել՝ խոշոր չափերով մարիխուանա տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և իր փաստացի բնակության վայրում պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: