Գերմանական Դոլչե Վելլե լրատվական գործակալության հայաստանյան թղթակից, լրագրող, հրապարակախոս Աշոտ Գազազյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մի քանի խորհուրդ երիտասարդ (և ոչ միայն), գործընկերներին: Հավանաբար, սա համալսարաններում չեն սովորեցնում… Ոչ մի դեպքում չի՛ կարելի ընդհատել զրուցակցին: Հարց ես տվել, լսիր պատասխանը:
Երբեք զրուցակցի հետ զուգահեռ մի խոսիր:
Քո հարցը երբեք չպետք է պատասխանից երկար լինի:
Քո և զրուցակցիդ միջև պետք է լինի հեռավորություն, որը չպետք է խախտի քաղաքավարության կանոնները:
Ձեռք մի տուր զրուցակցին: Խոսափողով մի դիպչիր զրուցակցին: Մի՛ բուրիր:
Զրուցակցի հետ մի խոսիր թիկունքից, հատկապես, երբ գործընկերներդ նրա առջև են կանգնած:
Չքվիր կադրից, շան լակոտ: Աշխատիր չհայտնվել մեկ այլ օպերատորի կադրում:
Զրուցակցի հետևից մի վազիր հարցով, որին նա արդեն պատասխանել է:
Նույն հարցը մի տուր այնքան, ինչ է թե, պետք է լսես քեզ անհրաժեշտ պատասխանը:
Նկատիր, թե երբ ես սկսում ձանձրացնել:
Միշտ շնորհակալություն հայտնիր զրուցակցիդ:
Ինձ շնորհակալություն հայտնելու կարիք չկա»: