ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է հարցին, թե ինչո՞ւ են որոշել արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել 1 տարվա ընթացքում: Վարչապետը նշել է, որ այդ քայլին գնացել են մյուս քաղաքական ուժերին ժամանակ տալու համար:
«Մեր գլխավոր նպատակն է եղել հավասար պայմաններ ստեղծել բոլոր քաղաքական ուժերի համար, քանի որ քաղաքական ուժերի մեծ մասը ընդհանրապես չէին սպասում, որ նման բան տեղի կունենար Հայաստանում: Մենք, իհարկե, ցանկանում ենք հաղթել ընտրություններում, և մենք կաշխատենք այդ ուղղությամբ, պարզապես ցանկանում ենք նաև ժամանակ տալ մյուս կուսակցություններին, որպեսզի նրանք հնարավորություն ունենան պատրաստվել ընտրություններին»,- ընդգծել է նա:
Ն. Փաշինյանը նաև անդրադարձել է կոռուպցիայի խնդրին՝ նշելով, որ կոռուպցիան այն գլխավոր դժբախտություններից ու խնդիրներից մեկն է, որը թույլ չի տվել Հայաստանին զարգանալ այնպես, ինչպես հնարավոր էր իրականում.
«Իհարկե, մենք կշարունակենք այդ պայքարը, և իհարկե, համոզված եմ, որ մենք մեծ արդյունքներ կունենանք: Այս ամբողջ ընթացքում դրական և մեծ փոփոխությունների հաղթանակը մարդկանց գիտակցության մեջ է: Կարծում եմ, որ այս գործընթացն արդեն անդառնալի է»։