ՀՀ ոստիկանության Ավանի բաժանմունքում հունիսի 21-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ երևանցի Ժիրայր Հովհաննիսյանը և Վաղարշապատի բնակիչ Էլմիրա Մալխասյանը Երևանի Նոր Նորքի 4-րդ զանգվածում հուշանվեր թղթադրամներով փորձում են բջջային հեռախոս գնել:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նրանք հայտնաբերվել են Գայի պողոտայում և խարդախություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվել ոստիկանության Ավանի բաժանմունք:
Պարզվել է, որ հունիսի 10-ին Էլմիրա Մալխասյանը խաբեությամբ 600 ԱՄՆ դոլար անվանական արժեքով հուշանվեր հանդիսացող թղթադրամով մի քաղաքացու «Այֆոն 7» բջջային հեռախոսի է տիրացել:
Վերջիններս տվել են խոստովանական բացատրություններ, որ բացի նշված դեպքից մայիս և հունիս ամիսներին նրանք Երևանի տարբեր վարչական շրջաններում կատարել են նմանատիպ այլ խարդախություններ:
51-ամյա Ժիրայր Հովհաննիսյանը ձերբակալված է: Կատարվում է քննություն:
Կասկածներ կան, որ նրանց գործողությունից հնարավոր է տուժած լինեն այլ քաղաքացիներ ևս, որոնք կարող են դիմել ոստիկանության Ավանի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02 հեռախոսահամարով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: