Կրակոցներ Երևանում. 38–ամյա քաղաքացին հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Կրակոցներ Երևանում. 38–ամյա քաղաքացին հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 26-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանութան Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանութան գնդապետ Արտակ Պողոսյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանի գլխավորությամբ: Ահազանգով ժամանել է նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը 38-ամյա Արմեն Մխիթարյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շահումյան 4-րդ փողոցից: Բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում է վիրահատարանում: Ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նրա վրա կրակոցներ է արձակել Շահումյան փողոցի բնակիչ, 24-ամյա Հրաչյա Գուլակյանը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են նաև որսորդական հրացան, որը, ըստ տեղեկությունների, պատկանում է կասկածյալ Հ. Գուլակյանի եղբորը և կան կասկածներ որ նշված հրացանով է նա կրակել Ա. Մխիթարյանի ուղղությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայրում մոտ 35-40 մետր ողջ ճանապարհը արյան հետքերով էր պատված, իսկ դեպքի վայրում էլ հայտնաբերվել է Mercedes մակնիշի 15 GZ 015 համարանիշի ավտոմեքենա, իսկ դեպքի վայրից քիչ հեռու՝ խաչմերուկում, հայտնաբերվել է քաղաքացու տան դարպասին հարվածած Mercedes G500 մակնիշի 01 FԼ 001 համարանիշի ավտոմեքենա և բախման հետևանքով տապալվել է նշված տան դարպասը: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Մինչ փորձաքրեագետները դեպքի վայրի տեղազննություն էին կատարում, ոստիկանները տաք հեռքերով հայտնաբերել են կասկածյալ Հ. Գուլակյանին, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող հրացանը: Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com