Էլեն Երեմյանի գրառումը. «Գնդեվանքը գտնվում է Արփա գետի ձախ ափի ձորալանջին, Գնդեվազ գյուղից ներքև: Xդ.-ում այն հիմնադրել սյունյաց Սոփիա իշխանուհին, որպես ձորի ճգնավորների մենաստան: Առաջնորդ է նշանակվել Սարգիս քահանան, իսկ շինարարության ղեկավարն էր նկարիչ Եղիշե երեցը: Վանքը ճգնավոր Սուփան Գնդունու անունով կոչվել է Գնդեվանք:
Ս.Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 931-936-ին: Կառույցը սրբատաշ բազալտով է, քառախորան` արտաքուստ խաչաձև կենտրոնագմբեթ հորինվածքով: Եղիշեն եկեղեցու ներսը զարդարել է որմնանկարներով, որոնցից խորանի պատին պահպանվել է Քրիստոսի պատկերի մի փոքր հատված:
Սոփիա իշխանուհին վանքի շինարարության ավարտը նշել է մեծահանդես տոնախմբությամբ և եկեղեցու արևմտյան պատին թողել արձանագրություն. «Վայոց ձորն անակ մատանի էր, շինեցի սա և որպես ակ դրեցի վրան»»: