Հայաստանում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իրականացած «թավշյա հեղափոխությունը» իր ազդեցությունն է թողել նաև Ադրբեջանի վրա, այս մասին է վկայում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմատենչ ելույթը։
Ադրբեջանի նախագահը, հունիսի 26-ին Բաքվում կազմակերպած ռազմական շքերթին հանդես գալով ելույթով, հերթական անգամ մի շարք ամպագոռգոռ և մարտական հայտարարություններ արեց` մասնավորապես հայտարարելով, որ «Արցախում պատերազմը չի ավարտվել»։
Քաջ ծանոթ խոսքեր
Ալիևի խոսքն, ընդհանուր առմամբ, նման էր իր նախորդ հայտարարություններին, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց արևելագետ Արտյոմ Տոնոյանը։
Օրինակ, այն, որ Արցախում ավարտվել է պատերազմի միայն առաջին փուլը, կամ Ադրբեջանը մտադիր է վերականգնել երկրի «տարածքային ամբողջականությունը». նման հայտարարություններին, նրա խոսքով, և՛ Երևանում, և՛ Ստեփանակերտում արդեն ծանոթ են։
«Ալիևն անդրադարձել է նաև ՄԱԿ–ի չորս բանաձևերին` ակնհայտորեն խեղաթյուրելով դրանց էությունը։ Ընդհանուր առմամբ, հայտարարությունները նման են նախորդ հայտարարություններին, որոշ մեջբերումներ ամբողջությամբ առանց խմբագրելու վերցված են նախկին ելույթներից», – ասաց Տոնոյանը։
Համեմատաբար նոր կետ և միաժամանակ վիճակագրական սխալ էր Ալիևի խոսքում հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն 2003 թվականից հետո 15 անգամ աճել է։ Բյուջեն, իհարկե, աճել է, սակայն ավելի քիչ, քան 10 անգամ, (163 մլն–ից մինչև 1,61 մլրդ դոլար) եթե հաշվի չառնենք դոլարի գնողունակության անկումը վերջին տարիների ընթացքում։
Նրա խոսքով` ակներև մանիպուլյացիա էր հայտարարությունն այն մասին, որ Նախիջևանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների արդյունքում Ադրբեջանն այսօր կարող է վերահսկել Հայաստանի ռազմական ճանապարհները։
Իլհամ Ալիևը ապահովագրվում է «հայկական սցենարից»
Անկախ Ալիևի խոսքերում առկա բազմաթիվ «կրկնություններից» կային նաև հատկանշական կետեր, մասնավորապես ներքաղաքական իրավիճակին վերաբերող։
«Տեքստում նաև այնպիսի շեշտադրումներ էին արվել, որոնք վկայում են ներքին քաղաքականության մեջ առկա սուր խնդիրների մասին։ Տեքստի առաջին մասը նվիրված էր նրան, որ «Մուսավաթ» և «Ժողովրդական ճակատ» ներկայիս ընդդիմադիր կուսակցությունների քաղաքականության պատճառով Ադրբեջանը 1991-1993 թվականներին կանգնած էր անկախությունը կորցնելու վտանգի առաջ», – ասաց Տոնոյանը։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am