Հայրս 24 տարի առաջ սպանվել է Մ. Գրիգորյանի եղբորորդու՝ ԱԺ նախկին պատգամավորի կողմից. ՌԴ քաղաքացին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել. tert.am
Advertisement 1000 x 90

Հայրս 24 տարի առաջ սպանվել է Մ. Գրիգորյանի եղբորորդու՝ ԱԺ նախկին պատգամավորի կողմից. ՌԴ քաղաքացին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել. tert.am

ՌԴ քաղաքացի Էդուարդ Մհերի Պողոսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ իրավապահ մարմիններին:

Նա ֆեյսբուքյան իր էջում հրապարակմամբ հայտնել է, որ 1994 թվականի ապրիլի 16-ին իր հայրը սպանվել է գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի եղբորորդի, ՀՀ Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանի կողմից: Նա հայտնել է, որ տարիներ շարունակ վախեցել են հայտնել ճշմարտությունը։

Էդուարդ Պողոսյանը, մասնավորապես, գրել է.

«ՀՀ վարչապետ, պարոն Նիկոլ Փաշինյանին

ՀՀ ԿԱ ԱԱԾ տնօրեն, գնդապետ Արթուր Վանեցյանին

ՀՀ ԿԱ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին

Հաղորդում հանցագործության մասին

Ես՝ Էդուարդ Մհերի Պողոսյանս, ծնվել եմ 1986 թվականի օգոստոսի 4-ին Էջմիածին քաղաքում:

Ներկայումս ապրում եմ Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադ քաղաքում, հանդիսանում եմ ՌԴ քաղաքացի:

Հայրս՝ Մհեր Վլադիմիրի Պողոսյանը, ծնվել է 1957 թվականի դեկտեմբերի 22-ին:

Ցավոք, 1994 թվականի ապրիլի 16-ին հայրս սպանվել է իր հարազատ քաղաքում՝ ոճրագործի արձակած գնդակից:

Հայրիկիս անժամանակ մահից հետո ես՝ մորս և երկու մանկահասակ եղբայրներիս հետ միասին, ստիպված ենք եղել լքել մայր հայրենիքը և մշտական բնակություն հաստատել Ռուսաստանի Դաշնությունում:

Հայրենիքը լքելու պատճառ է հանդիսացել իմ և իմ ընտանիքի անվտանգությանը անմիջականորեն սպառնացող վտանգը:

Իմ հարազատ Էջմիածին քաղաքում մինչ օրս յուրաքանչյուրին է հայտնի, որ հայրս սպանվել է գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի եղբորորդի, ՀՀ Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանի կողմից:

Մասնավորապես, դեպքից հետո այդ զարհուրելի ոճրագործությանը ականատես անձինք իմ ընտանիքին պատմել են, որ հայրս սպանվել է Արմավիրի մարզի Ակնալիճ տարածքում այդ տարիներին գործող, ներկայումս Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ռեստորանային համալիրում, երբ փորձել է պաշտպանել այդ տարիներին Էջմիածնի էլեկտրական ցանցի տնօրեն «Ֆալչի Նորիկ» մականվամբ Նորիկ Կարապետյանին, ում հետ Հրանտ Գրիգորյանը վիճաբանելիս է եղել:

Նույն ժամանակ ռեստորանային համալիրում են գտնվել և դեպքին ականատես եղել նաև հորս վարորդը՝ Գևորգը, համաքաղաքացիներ «Քիթ Նորիկ» մականվամբ Նորիկ Կարապետյանը և Հրաչիկ Կարճիկյանը: Միջամտելով վիճաբանությանը՝ հայրս փորձել է հանդարտեցնել, սակայն Հրանտ Գրիգորյանի արձակած երկու կրակոցից, որոնցից մեկը դիպել է կրծքավանդակին, իսկ մյուսը՝ գլխին, հայրս տեղում մահացել է:

Պապս, մայրս տեղի ունեցած զարհուրելի դեպքի մասին վախեցել են բարձրաձայնել և Մանվել Գրիգորյանի ու ոճրագործի սպառնալիքների ազդեցության ներքո լռելյայն տարել են այն հորինված վարկածը, որ իբր հայրս սպանվել է Արցախյան գոյամարտի դաշտում՝ ծառայողական պարտականությունները կատարելիս:

Այն մասին, որ իբրև հայրս զոհվել է վերը նկարագրված՝ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ, ես իմացել եմ արդեն հասուն տարիքում՝ մեր տան արխիվային փաստաթղթերի ուսումնասիրությամբ:

Մասնավորապես, զավեշտալի է, բայց փաստ, որ «13 մարտ 1993թ.» թվագրմամբ հիշյալ փաստաթղթի համաձայն, որն ի դեպ ստորագրված և կնիքված է այդ ժամանակվա ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գնդապետ Ա.Պետրոսյանի կողմից, հիշյալ փաստաթուղթը ստորագրելու օրվա՝ այսինքն՝ 1993 թվականի մարտի 13-ի դրությամբ, ՀՀ պաշտպանության նախարարի հիշյալ տեղակալին արդեն իսկ հայտնի է եղել, որ հայրս շուրջ մեկ տարի մեկ ամիս երեք օր անց այսինքն՝ 1994 թվականի ապրիլի 16-ին, զոհվելու է մարտի դաշտում՝ ծառայողական պարտականությունները կատարելիս, ինչի մասին է վկայում հիշյալ փաստաթղթում առկա գրառումը:

Այսօր, երբ ՀՀ-ում հաստատվել է լեգիտիմ իշխանություն, իմ ընտանիքի մոտ հույս է արթնացել, որ դեպքից շուրջ 24 տարի անց, ի վերջո, արդարությունը կվերականգնվի, և հայրիկիս դաժան սպանության համար մեղավորը կկրի իր արժանի պատիժը:

Վերոգրյալի հիման վրա՝ խնդրում եմ սույն դիմումս ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում և դրան ընթացք տալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»:

Ավելի մանրամասն՝ tert.am