Ռուբեն Շուխյանի գրառումը.
Նոր խորհրդարանը հրատապ անհրաժեշտություն է.
Կարծում եմ, նոր ազգային ժողովը պետք էր ձևավորել հնարավորինս սեղմ ժամկետներում: Դժվար է միանշանակ ասել՝ արդյո՞ք հենց այս պահին էր այդքան անհրաժեշտ ձեռնարկել ընտրական օրենսդության փոփոխություններ, որն ի դեպ հայտնի էլ չէ, թե երբ կավարտվի: Էլ չենք ասում, թե արդյո՞ք արագացված կլինի Վենետիկի հանձնաժողովի «դաբրոն»: Գուցե այդ ամենը պետք էր թողնել հետագայի վրա՝ երկրի համար ոչ այսպիսի էքստրեմալ փուլում:
Իսկ մոտակա ամիսներին, մինչև այս տարվա դեկտեմբերը, հանգիստ հնարավոր էր անգամ այս ռեյտինգային համակարգի պայմաններում իրականացնել խորհրդարանի նոր ընտրություններ՝ տեղամասերում ապահովելով մաքսիմալ վերահսկման գործընթաց: Հիմա ամեն պահին դժվարին կացություն կարող է ստեղծվել, և արդյո՞ք պատերազմի մեջ գտնվող երկիրը իրավունք ունի այսպիսի շռայլություն թույլ տալ իրեն՝ իր թիկունքում ունենալով ոչ լեգիտիմ խորհրդարան:
Քաղաքագետ Սուրեն Զոլյանը պատկերավոր կերպով է ներկայացնում այդ ամենը. «Ի՞նչ է նշանակում մինչև մեկ տարվա ընթացքում անցկացնել ընտությունները: Ժամկետները պետք է շատ ավելի հստակ դրվեն։ Պետության մարմնում մենք ունենք թունավորված մի մաս, պատկերացրեք՝ մարդն ուռուցք ունենա, տվյալ դեպքում՝ դա խորհրդարանն է, որտեղ աննորմալ վիճակ է ստեղծվել։ Շատ վտանգավոր իրավիճակ է, և մենք մեկ տարի ժամանակ չունենք, լավագույն դեպքում՝ կես տարի։ Խորհրդարանը ուռուցք է, որը պետք է հնարավորինս շուտ վիրահատել, այլ ոչ՝ անորոշ ժամկետներում»: