Չարիքի բույնն այնքան խորն է, բայց մեկ է` պիտի բեկենք այն. Սամվել Կարապետյան
Advertisement 1000 x 90

Չարիքի բույնն այնքան խորն է, բայց մեկ է` պիտի բեկենք այն. Սամվել Կարապետյան

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը.

Մեր ազգի հետ տեղի ունեցածի ախտորոշումը, փաստորեն տրվել է դեռևս Ե դարում: Ահա այն.

Գրիգոր Լուսավորչն իր քարոզներով. «…այնչափ հեռացրեց իրենց բուն բարքերից, մինչև որ նրանք ասացին, թե «մոռացա իմ ժողովրդին ու իմ հոր անունը»», (Ագաթանգեղոս, Հայոց պատմություն, Երևան, 1983, էջ 467):

Այլ խոսքով ազգն ուրացավ, ժխտեց, մերօրյա բառով` մերժեց հայրենին, մոռացության մատնվեց այն ամենն ինչն առնչվում էր նախնյաց:

Հարց է ծագում, ի՞նչ հաջողություն կարող էր արձանագրել իր հոր անունը մոռացած անձը կամ լայն հաշվով ի՞նչ ապագա կարող էր ունենալ հայրերի և հայրենի հիշատակները ժխտած, ավելին` անարգած ազգը: Պատասխանը հստակ է` ոչ մի, իսկ կարող էր գաղափարական հեղաշրջմամբ հոր անունը մոռացած անձը զերծ մնալ կեղծ արժեքներին հետևելուց:

Դարից դար և մինչև հիմա կեղծ արժեքներին գերի և հենց այդ թույնից անզգայնացած անվերջ տանուլ ենք տալիս: Երբեք չսթափվելով բռնել ենք նահանջի անշեղ ճամփեն և մեր իսկ ձեռքով կորստյան հազար ու մեկ նոր դռներ ենք բացում:

Մեզ չսթափեցրին նույնիսկ Համիդյան և Մեծ եղեռնները: Չսթափեցրեց նաև ապրիլյան քառօրյան: Այդպես էլ չհասկացանք, որ հային տրված յուրաքանչյուր խաղաղ օրն ընդամենը հերթական պատերազմին առավել հաջող դիմագրավելու համար ընձեռված ժամանակ է, որը նպատակին ծախսելուց է կախված, թե որքանով արդյունավետ կլինի մեր հերթական ռազմական դիմակայությունը: Մի՞թե պարզ չէ, որ մեր այսօրվա աշխատանքն է պայմանավորում վաղվա հնարավոր կորուստներն ու հաջողությունները: Այս ո՞ր դարն է, որ սահմանը խրամատում կանգնած զինվորը պահի ու դեռ ոմն դիպուկահարի զոհը դառնա: Չէ որ մեր օրերում հայոց անգին զինվորն ընդամենն իր գերժամանակակից սարքերով պարտավոր էր թիկունքից հսկել սահմանը: Ինչո՞ւ պետությունը մինչև հիմա չի մեկտեղել հենց այս պահին էլ ողջ աշխարհում գիտության առաջամարտիկ հայ ուղեղներին, որոնք դյուրությամբ պիտի նախագծեին և հայրենական արտադրությամբ ապահովեին գոնե մի տասն անգամ թշնամու ունեցածին գերազանցող գերժամանակակից զինատեսակներ: Ինչո՞ւ, ոչ առանց հիմքի գիտական պոտենցիալով մշտապես փայլած և պարծեցող հայերս առ այսօր չունենք մինչև ատամները զինված, անմրցելի և թշնամու համար սարսափազդու անօրինակ զինատեսակներով զինված հայոց բանակ: Ի՞նչն է խանգարել ու խանգարում, որ թոթափենք 1700-ամյա թմրածությունը:

Մտաբերե՛նք «մեր ժողովրդին և մեր հոր անունը» և գործենք դրան համահունչ, այլապես, ի հրճվանք թշնամյաց մեր վերջակետն ինքներս կդնենք…

Հգ. ելնելով Ալիևի օրավուր ավելի ու ավելի լկտիացող ելույթներից և Մռավի հյուսիսային փեշերին դիտարկվող թշնամու զինուժի շարունակական կուտակումներից հերթական ոտնձգությունը յոթը սարի ետևում չէ…



Նման նյութեր