Բաղրամյան 26-ը կվերադարձվի նախագահի աշխատակազմին
Advertisement 1000 x 90

Բաղրամյան 26-ը կվերադարձվի նախագահի աշխատակազմին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է նախագահի նախկին նստավայրը վերադարձնել նախագահին

Կառավարության հունիսի 28-ի նիստում նա հայտարարել է, որ վարչապետը պետք է հրաժարվի Բաղրամյան 26 հասցեի նստավայրից։ «Մենք ամենևին չենք մոռացել, թե ինչն ենք քննադատել»,- նշել է վարչապետը՝ հիշեցնելով, որ ինքը քննադատել է տարեսկզբին ընդունված կառավարության որոշումը, որով նախագահի նստավայրը դառնում էր վարչապետի նստավայր հաջորդ վարչապետի համար։

Վարչապետի նստավայրը, ըստ Փաշինյանի, պետք է լինի Կառավարության տուն 1-ը՝ Երևանի Հանրապետության հրապարակում։ Ավանդաբար, դեռ խորհրդային տարիներից, Հայաստանի կառավարությունների ղեկավարների նստավայրը եղել է հենց այդ շենքը։

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին, նշել է, որ ստեղծվել է տարօրինակ իրավիճակ, երբ վարչապետը տեղակայված է երկու շենքում։ «Վարչապետը պետք է հրաժարվի Բաղրամյան 26-ից, այն ժամանակի ընթացքում կվերադարձվի նախագահի աշխատակազմին»,- հայտարարել է նա։

2018-ի հունվարին կառավարությունը որոշում ընդունեց, որ Հայաստանի հաջորդ նախագահի նստավայրը Բաղրամյան 26-ից տեղափոխվելու է Մաշտոցի 47, վարչապետի նստավայրը տեղակայվելու է Բաղրամյան 26-ում։

Կառավարման խորհրդարանական համակարգի անցնող Հայաստանում երկրորդական դեր ունեցող նախագահի նստավայրը նույնպես դառնում էր երկրորդական ու տեղափոխվում մի վայր, որը թեև քաղաքի կենտրոնում էր, սակայն տեսանելի չէր հանրության համար։ Դրանով ի ցույց էր դրվում, որ ինչպես նախկինում, այդուհետ ևս երկրի գլխավոր որոշումներ ընդունողը նստելու է Բաղրամյան 26-ում։

Հայաստանում 2015-ի սահմանադրաական փոփոխություններից հետո Սերժ Սարգսյանը պատրաստվում էր պահպանել իշխանությունը իր նախագահության երկրորդ ժամկետից հետո, որը լրանում էր 2018-ի ապրիլին։

Այդ նպատակով պետական շենքերը հարմարեցվում էին նրա անձնական ցանկություններին։ Մարտին կառավարությունը Սերժ Սարգսյանին՝ որպես պաշտոնաթող նախագահ, նվիրաբերեց նաև Երևանի կենտրոնում կառավարական ամառանոցներ կոչվող վայրում գտնվող առանձնատունը, որտեղ նա բնակվում էր որպես երկրի ղեկավար։

Այդ վայրում ավանդաբար բնակվել են Հայաստանի օրվա բարձրաստիճան ղեկավարները, և տարածքը մշտապես եղել է պետական նշանակության։ Վարչապետ ընտրվելուց երկու օր անց՝ ապրիլի 19-ին կառավարության իր առաջին և վերջին նիստին Սերժ Սարգսյանը, հանրային բողոքի և քննադատության արդյունքում, հրաժարվեց այդ տնից, որը նրան հատկացվել էր որպես պաշտոնաթող նախագահ։

Ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը Հայաստանում տեղի ունեցած բողոքի հուժկու ալիքի արդյունքում հրաժարվեց նաև վարչապետի պաշտոնից։ Ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանն այժմ բնակվում են հարևանությամբ՝ կառավարական ամառանոցներ կոչվող վայրում։

Սերժ Սարգսյանին՝ որպես պաշտոնաթող նախագահ, դեռ չի հատկացվել առանձնատուն։

civilnet.am



Նման նյութեր