Կինոարվեստի սիրահարներն այսուհետ հնարավորություն կունենան հայկական, արտասահմանյան բարձրորակ և բացառիկ ֆիլմեր դիտել Կինոյի տան վերանորոգված մեծ դահլիճում: Այն երկար տարիների ընդմիջումից հետո վերաբացվեց հունիսի 29-ին:
Բացումը նշանավորվեց Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրությամբ: Կինոնկարը վերականգնվել է Մարտին Սկորսեզեի ղեկավարած «Film Foundation-World Cinema Project» (Նյու Յորք) հիմնադրամի միջոցներով Իտալիայի «L’immagine Ritrovata» լաբորատորիայում:
«Սա մի օջախ է, որտեղ կարելի է համախմբել ամբողջ մի պատմություն. պատմություն մեր նախորդների, մեր կինոյի, պատմություն այն մասին, որ մենք դեռ կունենանք կինո: Մեկ տարում ենք վերանորոգել դահլիճը: Հուսանք՝ մեկ տարի անց կպարծենանք, որ այստեղ ցուցադրվել են լավագույն կինոնկարները: Իսկ մի քանի տարի անց այն կդառնա լուրջ կինոկենտրոն, որը շատերը կսիրեն»,-նշեց Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը:
Հարություն Խաչատրյանի խորհրդական Արայիկ Մանուկյանն ասաց, որ վերանորոգման աշխատանքներ իրականացնելիս որոշել են պահպանել դահլիճի նախնական տեսքը: «Երբ Հոլանդիայից հրավիրված մասնագետները եկան և դիտեցին այն, փաստեցին, որ ամբողջությամբ փայտով երեսպատված դահլիճ Եվրոպայում քիչ կա: Փայտը, որն ապահովում է լավ ձայնային հնարավորություններ, մշակման է ենթարկվել մասնագետների կողմից, լաքապատվել է»,- ընդգծեց նա:
Մանուկյանը հավելեց՝ նորոգվել է հատակը, աթոռները, կինոցուցադրման սրահը, նոր պրոյեկտոր է դրվել, փոփոխություններն են իրականացվել նաև ձայնային համակարգում: Դեռ չեն նորոգվել օդափոխության համակարգերը, սակայն ամեն բան դեռ առջևում է:
«Այս դահլիճի նորոգումը հայկական կինոինդուստրիայի վերելքի, զարթոնքի առաջին քայլերից է: Յուրաքանչյուրիս համար ուրախալի է, որ ունենք մեր դահլիճը, որտեղ կարող ենք ցանկացած միջոցառում անցկացնել, հրավիրել հյուրերի: Ինչքան շատ նման հարթակներ ունենանք, այնքան ավելի ծավալուն և արդյունավետ կլինի մեր աշխատանքը»,- ասաց դերասան, բեմադրիչ Վիգեն Ստեփանյանը:
Նա շեշտեց, որ սա չպետք է հերթական կինոթատրոնը լինի: Այն Կինոյի տան դահլիճն է, որտեղ ցանկալի է բացառիկ կինոնկարներ ցուցադրել:
Դահլիճը լեփ-լեցուն էր կինոարվեստի հասուն և երիտասարդ ներկայացուցիչներով, որոնք ոգևորված էին՝ տեսնելով նորոգված, բայցև իրենց հարազատ դահլիճը:
Կինոյի տան դահլիճը բացվել է 1975 թվականին: Այդ տարիներին դրա բացմանը մեծ նշանակություն չեն տվել, քանի որ այդ ժամանակ Հայաստանում 700 կինոթատրոն է եղել: Դրանց ցանկում Կինոյի տան մեծ դահլիճը հերթականն էր: Մինչև «Ռոսիա» կինոթատրոնի բացումը, այն եղել է ամենամեծը Հայաստանում: Այդտեղ են իրականացել «Հայֆիլմ» կինոստուդիայի բազմաթիվ հայտնի ժապավենների պրեմիերաները: Կինոյի տան դահլիճը տարիների ընթացքում պարբերաբար շահագործվել է, սակայն վերանորոգում այնտեղ չի իրականացվել: