«Թեղուտ» ՓԲԸ-ն խոստովանել է, որ Թեղուտի պոչամբարի կայունության ցուցանիշները համապատասխան չեն ՀՀ օրենսդրական և միջազգային ամենաբարձր չափորոշիչներին: Այս մասին նշված է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին ուղղված ընկերության պատասխան նամակում:
«Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ պոչամբարի պատվարի կայունության բարելավման աշխատանքների համար անհրաժեշտ են լրացուցիչ երկրաբանատեխնիկական աշխատանքներ, լաբորատոր փորձարկումներ, ինչպես նաև դրանց հիման վրա նախագծերի պատրաստում և թողարկում: Դրանք տևական գործընթացներ են՝ պայմանավորված ոչ թե մասնակիցների արագագործությամբ, այլ գործընթացների և աշխատանքների բարդությամբ և ծավալով:
Արդյունքում, ընկերության ղեկավարությունը կայացրեց միակ հնարավոր և պատասխանատու որոշումը: Այն է՝ չվերագործարկել լեռնահարստացուցիչ կոմբինատը, քանի դեռ պոչամբարի կայունության ցուցանիշները չեն համապատասխանացվել ՀՀ օրենսդրական և միջազգային ամենաբարձր չափորոշիչներին», – ընկերության նամակն ընթերցեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը «Թեղուտի պատուհասը. ո՞րն է լուծումը» խորագրով քննարկման ժամանակ, որն մասնակցում էին պետական, մասնավոր կառույցների, միջազգային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների, ազդակիր համայնքների ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը «Թեղուտ» ՓԲԸ-ն դադարեցրել է 2018թ-ի հունվարի 12-ից` պայմանավորելով դա ֆինանսական խնդիրների և Թեղուտի պոչամբարի տեխնիկական վիճակի հետ:
Ամբողջությամբ՝ ecolur.org