Կասկադի տարածքում հաջորդ տարվա մարտից շինարարություն կմեկնարկի. տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից։
Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 26-28-ը աշխատանքային այցով Կանադայում էր։
Փոխվարչապետի գրասենյակից տեղեկացնում են, որ կառավարական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել հայ համայնքի անդամների և մտավորականների հետ, այցելել Տորոնտոյի հայկական դպրոց և եկեղեցիներ, գործարարներին ներկայացրել են Հայաստանում առկա հնարավորությունները, ներդրումային միջավայրը: Գործարարները հետաքրքրություն են ցուցաբերել ՏՏ ոլորտի, հայկական մեղրի, գինու և դեղագործական ապրանքների արտահանման նկատմամբ:
Կանադայում «Բիզնես Արմենիայի» պատվավոր ներկայացուցիչ, գործարար Վան Լապոյանը պատրաստակամություն է հայտնել 5 միլիոն դոլարի ներդրում կատարել Հայաստանում:
Եվս 5.5 միլիոն դոլարի համատեղ ներդրումային ծրագիր ունեն «Կասկադ գարդենզ» ընկերության ներկայացուցիչներ Շանթ Ղազարյանը (Տորոնտոյից), Րաֆֆի Դուդակլյանը (Հայաստանից), Անդրե Գումուշջյանը (Բրյուսելից) և Սահակ Արսլանյանը (Նյու Յորքից)։ Կասկադի տարածքում, ըստ այս ծրագրի, նախատեսվում է հաջորդ տարվա մարտից շինարարական նախագիծ սկսել:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպում է ունեցել Տորոնտոյի քաղաքապետ Ջոն Թորիի հետ, քննարկել առաջիկայում քաղաքապետի Հայաստան այցելելու հնարավորությունը: Քաղաքապետը Ջ. Թորին հաջորդ տարի գործարարների ուղեկցությամբ Հայաստան այցելելու պատրաստակամություն է հայտնել:
Կառավարության ներկայացուցիչներն այցելել են Կանադայում երկրորդ խոշոր էլեկտրական սարքավորումներ արտադրող «Ռեքս Փաուր Մագնետիքս» ընկերություն, որը փոքր մասնաճյուղ ունի Հայաստանում: Քննարկվել է հայաստանյան մասնաճյուղն ընդարձակելու և հետագայում դրա արտադրանքը ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանելու հնարավորությունը:
Կառավարական պատվիրակության կազմում եղել են փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը, ՀՀ փոխվարչապետի օգնական Վիկտորյա Այդինյանը, ՏԿՏՏ նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը, Սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր-Գրիգորյանը, ՏԶՆ նախարարի տեղակալ Մանե Ադամյանը, «Բիզնես Արմենիա» հիմնադրամի Միջազգային կոմերցիայի խմբի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը և Միջազգային համագործակցության մենեջեր Ալինա Եղիազարյանը:
Պատվիրակության աշխատանքային այցը և գործարար առաքելությունը շարունակում է դեպի Լոս Անջելես (ԱՄՆ), որի ընթացքի և արդյունքների մասին կներկայացվի առաջիկայում: