Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի նորածնային վերակենդանացման բաժանմունքում Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի սրտի վիրաբուժության թիմը՝ բժիշկ Գագիկ Հեբոյանի առաջնորդությամբ, իրականացրել է ծայրահեղ ցածր ծննդյան քաշով (680գ) նորածնի սրտի վիրահատություն։ Վիրաբույժ Գագիկ Հեբոյանն ասաց, որ բացառիկ է նման քաշ ունեցող երեխային վիրահատելը: «Երեխան ծնվել է Մարգարյան հիվանդանոցում 26 շաբաթականում, այսինքն՝ անհաս, և միացված էր արհեստական շնչառության սարքին: Երեխայի մոտ բաց բոտալյան ծորան էր, ուստի անհրաժեշտ եղավ վիրահատել երեխային»,- տեղեկացրեց նա:
Հեբոյանի խոսքով՝ երեխան դեռևս գտնվում է ծանր վիճակում: «Քանի որ ռիսկային էր նման քաշով երեխայի ավտոմեքենայով տեղափոխել Նորք-Մարաշ սրտաբանական կլինիկա, հետևաբար որոշվեց վիրահատությունն անցկացնել այնտեղ, որտեղ երեխան ծնվել էր:
Վիրահատությունը կատարվել է հունիսի 26-ին։ Սա նվազագույն քաշով պացիենտն է, ով երբևիցե Հայաստանում կրել է սրտի վիրահատություն։