Գյումրիի բժշկական կենտրոնը Հայաստանում սրտի դեղապատ ստենտավորման համար սահմանել է ամենաէժան գինը՝ 850 հազար դրամ նախկին 1մլն 100 հազար դրամի փոխարեն:
Վիրահատության դիմաց վճարը 250 հազար դրամով նվազեցրել են՝ մրցակցության մեջ մտնելով հարևան Վրաստանի հիվանդանոցների հետ, ասում է Գյումրիի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը: Նրա խոսքով, գնի իջեցումը կկատարվի բժշկական կենտրոնի եկամուտների հաշվին: Քանի որ Գյումրին մոտ է Վրաստանի հետ սահմանին, շատեն էին վիրահատման նպատակով մեկնում հարևան երկիր, որտեղ գինը 750 հազարի կարգի է, ասում է Իսահակյանը, ընդգծելով՝ նաև դա է պատճառը, որ որոշել են իջեցնել ստենտավորման գինը: «Եթե այսօր այստեղ և Վրաստանում գները գրեթե հավասար են, մեր բնակիչներն էլ չեն գնա հարևան հանրապետություն»,- ասում է ԲԿ տնօրենը:
Արդյո՞ք Հայաստանի այն հիվանդանոցները, որոնցում ստենտավորման գինը 1 մլն դրամ է, Գյումրի բժշկական կենտրոնին չեն մեղադրի, այսպես ասած, հիվանդ փախցնելու մեջ:
«Տարիներ շարունակ Գյումիից շատ են հիվանդ փախցրել մայրաքաղաքի հիվանդանոցները, և մենք լավ գիտենք, թե ինչ տարբերակով»,- հարցին պատասխանում է Արմեն Իսահակյանը: Ըստ նրա, իրենք հաշվի են առել նաև մարզի բնակչության սոցիալական վիճակը: Նախորդ տարիներին հիվանդներից շատերին հնարավորություն են տվել վիրահատությունից հետո մաս-մաս վճարել ստենտավորման գումարը, սակայն հիվանդները դեռևս հիվանդանոցին 25 մլն դրամի պարտք ունեն:
Նշենք, որ պետպատվերի շրջանակներում Գյումրիում կշարունակվի նաև «Կյանքի ստենտ» ծրագիրը․ չափորոշիչներն այստեղ չեն փոխվել, հիվանդի մոտ սրտի տագնապի սկսվելու պահից 72 ժամվա ընթացքում հիվանդանոց դիմելու պարագայում վերջինս կարող է ընդգրկվել ծրագրի մեջ, իսկ ուշացնելու դեպքում արդեն նա կվճարի ստենտավորման դիմաց: Պետպատվերի պարագայում նախկին ոչ դեղապատ ստենտն առողջապահության նախարարությունը փոխարինել է դեղապատով, սակայն հակացուցման դեպքում կկիրառվի նաև ոչ դեղապատ ստենտ:
Գյումրի բժշկական կենտոնը նաև ոչ դեղապատ ստենտի գինն է նվազեցնելու, հիմա հաշվարկներ են անում: Ամեն դեպքում՝ գնի նվազեցումը չի ազդի որակի վրա, վստահեցնում է Արմեն Իսահակյանը:
Օրերս առողջապահության նախարարությունը եռակողմ հուշագիր է ստորագրել նախարարության ստենտավորման պարագաների 10 մատակարարների և ստենտավորման ծառայություն մատուցող 11 բժշկական հաստատությունների միջև: Ծրագրով նախատեսվում է տարեկան իրականացնել 3625 վիրահատություն: