Գյումրիում գործող քանդակագործ Սերգեյ Մերկուրովի տուն- թանգարանը հետաքրքիր գաղտնիքներ է պատմում Իոսիֆի Ստալինի ու գյումրեցի քանդակագործի մտերմության մասին։ «Մշակութային հայրաքաղաք» նախագծի շրջանակում Sputnik Արմենիան էլի է անդրադարձել Մերկուրովի կյանքի հետաքրքիր մանրամասներին։
Խորհրդային հանրապետություններում ու դրա սահմաններից դուրս հայտնի ծնունդով գյումրեցի քանդակագործ Սերգեյ Մերկուրովին ու նրան ստեղծագործություններին Sputnik Արմենիան արդեն անդրադարձել է: Հայրենի քաղաքում տեղակայված տուն-թանգարանում, սակայն, կա մի նամակ, որը ներկայացնում ենք առանձին:
Հայտնի մոնումենտալիստ Սերգեյ Մերկուրովը ոչ միայն անձամբ է ճանաչել Իոսիֆ Ստալինին, այլ նաև մտերիմ է եղել նրա հետ։ Ավելին` անհրաժեշտության դեպքում Ստալինը նրա կարծիքն է հարցրել:
Ստալինի քանդակը կերտելուց առաջ Մերկուրովը նամակ է գրում առաջնորդին և հարցնում. «Կներեք անհանգստացնելու համար, բայց արդեն 6 ամիս է չեմ կարող ոչ մեկից պատասխան ստանալ։ Մոսկվան ինձ հրահանգել է քանդակել ձեր գրանիտե կիսանդրին, գլուխն արդեն պատրաստ է՝ գլխարկով է, բայց երբ հարց եղավ շինելի մասին, խնդրի առաջ եմ՝ քանդակեմ մարշալական, թե՞ հասարակ շինելով: Սպասում եմ Ձեր հրահանգին»:
Պատասխանը Մերկուրովին սպասեցնել չտվեց. առաջնորը նրան պատասխանեց 5 օրից՝ անձամբ. « Հարգելի Մերկուրով, ավելի լավ է պարզապես շինելով»:
Հենց այսպես էլ, Ստալինի ցանկությունը հաշվի առնելով, առաջնորդի շատ քանդակներ հասարակ զինվորական համազգեստ հագան: Նամակի կրկնօրինակն այսօր Գյումրիում է՝ Մերկուրովի տուն-թանգարանում, այն նույն տանը, որտեղ 1881 թվականին նոյեմբերի 7-ին ծնվել է նա:
Սակայն, չնայած մտերմությանը, Մերկուրովը իր հանդուգն քայլով մեկ անգամ «նեղացրել» է Ստալինին:
Ստալինի 70 ամյակին՝ 1949 թվականին, Մերկուրովը Ստալինին նվիրում է իր մեծ գործերից մեկը՝ «Առաջնորդի (Լենինի) մահը» արձանախումբը:
«Որպես գյումրեցի հույն արձանի տակը գրում է գինը: Նման բան ոչ մեկ իրեն թույլ չէր տվել Ստալինի նկատմամբ։ Սակայն առաջնորը, երկար նայելով արձանախմբին ու գնին, պատասխանում է՝ այսքան թանկարժեք նվեր ընդունել չեմ կարող: Ասում ու հետ է ուղարկում նվերը»,– պատմում է Գյումրու ժողովրդական ճարտարապետության ու քաղաքային կենցաղի թանգարանի մասնաճյուղի՝ Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանի վարիչ Արշակ Մանուկյանը: Այսքանից հետո «բարեկամական» հարաբերություններն ավարտվում են, թեև Մերկուրովն այն եզակի մարդկանցից էր, որ իր հանդգնության համար չի պատժվել:
Ստալինին գրված նամակը