Օրերս լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, թե իբր Մոսկվայի կենտրոնում շինարարական և ձկնարդյունաբերական ծրագրեր իրականացնող, Երևանյան «Գրեբոյեդով ակումբի» և Դմիտրի Կիսելյովի «մասնագետ» Անդրանիկ Նիկողոսյանը Մոսկվայում ստեղծել է Լրագրողների աջակցության միջազգային ֆոնդ, ուր «հավաքագրելու» է ԱՊՀ լրագրողներին՝ հիմնականում նոր, երիտասարդ սերնդին՝ համընդհանուր տեղեկատվական քաղաքականության իրականացման, «պրոֆեսիոնալ» կադրերի «պատրաստման» և «տեղակայման» համար։ Ըստ նույն լրատվամիջոցների՝ Ա. Նիկողոսյանին այս ծրագիրն իրականացնելու համար 1 միլիարդ դոլար է հատկացվելու՝ 5 հազար աշխատատեղ ստեղծելու, ԱՊՀ երկրներում «ուղեղների լվացման» օրրան ստեղծելու, արևմտյան ազդեցությունն «արմատախիլ» անելու համար։
Լուրն այնքան կասկածելի էր, նշված գումարի չափը՝ այնքան մեծ, որ ինֆորմացիայի իսկությունը փորձեցինք պարզել մոսկովյան պետական շրջանակների մեր աղբյուրներից: Մեր զրուցակիցը նախ՝ նշեց, որ անգամ իր պատվից ցածր է համարում Անդրանիկ Նիկողոսյանի հետ կապված որևէ լուր մեկնաբանելը: Ապա ասաց, որ Ռուսաստանի իշխանական, քաղաքական, հասարակական շրջանակների համար պարզապես «դիակ» է:
Մեզ նաև հուշեցին, որ նա Մոսկվայում ոչինչ չունի՝ ոչ տուն, ոչ գրասենյակ, որ էլ, առավել ևս, բիզնես: Խորհուրդ տվեցին նրան փնտրել մերձմոսկովյան բնակավայրերից մեկում, որը նա վարձակալությամբ է վերցրել:
Հաջողվեց պարզել նաև, որ նա հաճախակի իր վարձակալած բնակարանները փոխում է պարտքատերերից պատսպարվելու համար: Ի դեպ, մեր զրուցակիցը զարմացավ, որ Հայաստանում դեռ Նիկողոսյանին հավատացող կամ նրա հետ հույս կապող կա, որ նա ինչ-որ ծրագիր կարող է անել, կամ, առավել ևս, առհասարակ ինչ-որ բանի ընդունակ է: Նա նաև նշեց. «Ի՞նչ 1 միլիարդ դոլարի մասին է խոսքը, եթե հիմնավոր փաստեր գտնենք, որ նրան մեկն անգամ 1 միլիոն ռուբլի է տվել, պատրաստ եմ հրապարակավ ներողություն խնդրել»:
Ցավալին այն է, որ արդեն վաղուց շատերը գիտեն, որ Անդրանիկ Նիկողոսյանի գումար աշխատելու միակ ձևն ավանտյուրան է, որ մեծ փողերի անուններ շրջանառելով՝ մարդկանցից իրենց վերջին կոպեկն է շորթում, որոնք հույս ունեն իր միջոցով հարստանալ, որ դյուրահավատ երիտասարդ հայ աղջիկները շուտ հարստանալու և կարիերա ստեղծելու համար գայթակղվելով՝ մեկնում են նրա մոտ՝ Մոսկվայի մարզ, ընկնում ծուղակը, սեքսուալ ստրկության ենթարկվում՝ Նիկողոսյանի պարտքատերերին սպասարկելով: Հայաստան վերադառնալուց հետո, բնականաբար, ամաչում են բարձրաձայնել, որպեսզի չխայտառակվեն:
«Եթե Անդրանիկ Նիկողոսյանն այդքան մեծ գումարների հետ է աշխատում, ապա ինչո՞ւ պարտքերի պատճառով փակվեցին նրա կողմից ֆինանսավորվող կառույցները, ինչո՞ւ մինչև այժմ որոշ աշխատակիցների աշխատավարձերը չի վճարել, դեռ ունի կուտակած մեծ պարտքեր, այսքանից հետո մարդիկ հավատում են, թե նա բիզնեսներ ունի: Բոլորին հույսով է արել ու ամեն օր ժամանակ է խնդրում՝ ասելով, թե շուտով միլիարդ է ստանալու… Այս միլիարդի խոսակցությունն իրականում սկսվել է դեռ նախորդ տարվանից՝ 2015 թվականից, երբ Նիկողոսյանի աշխատակիցները, շուրջ մեկ տարի է, ինչ աշխատավարձ չէին ստացել»,- ասաց մեր զրուցակիցը:
Վերջինս հիշեցրեց Նիկողոսյանի կողմից պատվիրված անտրամաբանական, զավեշտալի, սուտ լուրերից մեկը, որը, ի վերջո, ջրի երես դուրս եկավ. իբր որդին պատրաստվում է ամուսնանալ այս տարվա հուլիս ամսին, ու Պուտինն էլ հարսանիքի քավորն է լինելու: Հուլիսն եկավ ու անցավ, դարձյալ ապացուցվեց, որ դա Նիկողոսյանի հերթական ավանտյուրան է, հերթական սուտը: Այնուհետև, որպես պարզաբանում, անհայտ կայքերից մեկում լուր տեղադրվեց, թե իբր ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ են խանգարել և թույլ չեն տվել, որպեսզի հարսանիքը կայանա ու Պուտինն էլ քավոր դառնա:
Հուսով ենք, որ այս հրապարակումն ուշադրության կարժանանա մեր իրավապահ մարմինների կողմից և դյուրահավատ հայրենակիցներին հեռու կպահի Ա. Նիկողոսյանի կեղծիքների ճիրաններն ընկնելուց:
Լուսինե Սարգսյան