ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ հանքարդյունաբերության հետ կապված փաստեր հավաքելու դեպքում կկայացվեն համապատասխան որոշումներ: Մեղրիում բնակիչներից մեկն անդրադարձավ Լիճքի հանքավայրի շահագործման դեմ պայքարին և նշեց, որ հետևելով վարչապետի կոչին՝ դադարեցրել են բողոքի ակցիաները և հույս ունեն, որ այդ հարցին կտրվի արդար լուծում:
Վարչապետն ընդգծեց, որ Հայաստանի տնտեսությունը կազմված է հետևյալից՝ մեր երկրի ընդերքը քանդվում է, արտահանվում ու համարում, որ տնտեսությունն աճում է՝ կախված նաև պղնձի գներից: «Կարծում եմ՝ սա խնդիր է, բայց չեմ կարծում, որ պետք է հանքարդյունաբերությունը փակենք: Հանձնարարական եմ տվել, որ բոլոր մետաղական հանքավայրերում ստուգումներ իրականացվեն, ստուգվի դրանց համապատասխանությունը բնապահպանական նորմերին: Խնդրում եմ հնարավորություն տալ, որ հավաքվեն փաստեր, որոնց հիման վրա հնարավոր կլինի կայացնել որևէ որոշում: Ես որպես վարչապետ իրավունք չունեմ հենց այնպես որոշել, որ հանքերը փակվեն: Խնդիրներին ծանոթ եմ, որոշում կայացնելու համար պետք է հավաքել փաստեր, որոնք կլինեն անառարկելի, որոնց հիման վրա էլ հնարավոր կլինի կայացնել որոշումներ: Դրանք պետք է կայացվեն այնպես, որ ՀՀ-ն դրանից չտուժի, որովհետև այդ նույն ներդրողները կարող են Հայաստանին դատի տալ և ՀՀ-ն դրա արդյունքում ստիպված լինի մեծ միջոցներ հատկացնել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Միաժամանակ, կառավարության ղեկավարը նշեց, որ Ճանապարհ փակելը խնդրի լուծում չէ, քաղաքացիական անհնազանդության գործողություններն անում են այն դեպքում, երբ կառավարությանը չեն վստահում:
Վարչապետն ընդգծեց, որ որևէ հանքի հետ կապված որևէ կոռուպցիոն պարտավորություն չունի, իր միակ պարտավորությունը ժողովրդի առաջ է: