Նույնիսկ շահավետ է միասին ամուսիններ խաղալը. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Նույնիսկ շահավետ է միասին ամուսիններ խաղալը. life.panorama.am

Դերասան Նարեկ Հայկազյանը Life.panorama.am-ի զրուցակիցն է: Մեզ հետ զրույցում նա խոսել է «Դեպի երազանք 2»-ում նկարահանվելու, կնոջ հետ որպես ամուսիններ խաղալու առանձնահատկությունների, ինչպես նաև իր թատերական ստուդիայի աշխատանքների մասին:

«Ուրախ եմ, որ մեր առաջին հաջող համագործակցությունից հետո կրկին Արմեն Պետրոսյանից հրավեր ստացա՝ նկարահանվելու «Դեպի երազանք 2» հեռուստասերիալում: Պետք է ընդգծեմ, որ այստեղ հավաքվել էր իսկապես պրոֆեսիոնալ անձնակազմ, ես շատ եմ սիրել մեր նկարահանող խմբին, մասնակից դերասաններին, և անկեղծ կարող եմ ասել, որ սիրով եմ գնացել աշխատանքի»,- պատմեց Նարեկը:

Իր կերպարի մասին խոսելիս՝ դերասանը նկատեց.

«Կարծում եմ՝ առաջին մասից սկսած՝ կերպարս հետաքրքիր էր և էլ ավելի հետաքրքիր շարունակություն է ունենում երկրորդ մասում: Կերպարս բացասական է, բայց իր մեջ հետաքրքիր երանգներ է կրում: Անկեղծ ասած՝ վերջերս բացասական կերպարներից խուսափում էի, քանի որ այդպիսիք շատ եմ խաղացել, բայց այս անգամ էլ ինձ շատ հետաքրքիր էր»:

«Դեպի երազանք» հեռուստասերիալում Նարեկ Հայկազյանն ու կինը՝ դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը, ամուսիններ են խաղում: Հարցին, թե դժվար չէ՞ ամուսիններ լինելով հանդերձ՝ այդ կարգավիճակը խաղալ, պատասխանեց.

«Իհարկե, դժվար չէ, և ինչու պետք է դժվար լինի, եթե ես նկարահանվում եմ պրոֆեսիոնալ դերասանուհու հետ և ինքս էլ պրոֆեսիոնալ դերասան եմ: Նկարահանման հրապարակում մենք ամուսիններ չենք, մենք մեր գործն ենք անում: Եվ բացի այդ, նույնիսկ շահավետ է միասին ամուսիններ խաղալը, քանի որ թե ես, թե Ծովինարը ավելի ազատ կարող ենք լինել որոշ տեսարաններ խաղալիս»:

Նարեկ Հայկազյանը նկատեց նաև, որ տանը փորձում են աշխատանքով շատ չտարվել, բայց ամուսիններով երբեմն կարող են սուրճի սեղանի շուրջ քննարկել աշխատանքային ծրագրերը:

Այս պահին դերասանը նոր հրավեր ունի գեղարվեստական ֆիլմից, որի մասին փակագծեր բացել դեռևս չցանկացավ: Ամառը դերասանների ընտանիքում պասիվ շրջան չի լինելու:

«Թատրոնը շարունակում է իր ակտիվ գործունեությունը, հուլիսին պրեմիերա է սպասվում, նոր ներկայացումների փորձեր են տարվում: Այսինքն՝ մենք շարունակում ենք ակտիվ աշխատել»,- ասաց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով մարտին բացված իր «Նար» թատերական ստուդիային՝ Նարեկ Հայկազյանը պատմեց.

«Հուլիսի վերջին քննական շրջան է: Մեր ուսանողները մեծ ուրախությամբ ու սիրով են գալիս: Մեզ մոտ փոխադարձ սերն է իշխում, իսկ իմ սկզբունքը՝ «Մեկը բոլորի, բոլորը՝ մեկի համար» միշտ բերում է լավ արդյունքների: Մեր ստուդիայում չորս առարկա է դասավանդվում՝ «Դերասանի վարպետություն», «Բեմական խոսք», «Պար» և «Դերասանի վարպետություն» անգլերենով»:

Զրույցի վերջում դերասանը հավելեց.

«Ես ուզում եմ, որ իմ թատերական ստուդիան դառնա արվեստի դպրոց և դառնալու է, քանի որ դրան եմ ձգտում. Ամեն բան անում եմ այդ ուղղությամբ»:

life.panorama.am



Նման նյութեր