«Թթի փառատոնն» իր շուրջ էր համախմբել Սյունիքի մարզի տարբեր համայնքների ներկայացուցիչների: Վերջիիներս խմիչքների, Սյունյաց աշխարհի ուտեստների, հետաքրքիր ձեռագործ աշխատանքների և այլ գործերի ցուցադրությամբ գրավեցին ոչ միայն հայ, այլև օտարազգի զբոսաշրջիկների ուշադրությունը: Փառատոնն անցկացվեց հուլիսի 7-ին հայկական լեռնաշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկում՝ Գորիսում:
«Փառատոնն այս տարի համընկավ «Գորիսը ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» հռչակելու հետ, և մենք շատ ենք ցանկանում զբոսաշրջիկներին ցույց տալ, թե թթից ինչ է հնարավոր ստանալ` չիր, դոշաբ, օղի: Ցանկանում ենք փառատոնի միջոցով նպաստել Գորիսի աշխուժացմանը, ակտիվացմանն ու զարգացմանը»,- նշեց միջոցառման հաղորդավար Գրիգը:
Զբոսաշրջիկներից մեկն ասաց, որ տարբեր երկրներում մասնակցել է մի շարք ուշագրավ փառատոների, սակայն այն ջերմությունն ու միասնականությունը, որը կա թթի փառատոնում, ոչ մի տեղ չի տեսել: Փառատոնին կազմակերպվեց ինտերակտիվ պարային շոու, անցկացվեց թութ թափ տալու մրցույթ, և հաղթողները մրցանակների արժանացան: Փառատոնին ներկաները հնարավորություն ունեցան վայելել թթի օղու, դոշաբի, Սյունյաց աշխարհին հատուկ ուտեստները: Միջոցառման ընթացքում ելույթներ ունեցան տեղի տաղանդաշատ պարային համույթները, երգչախմբերն ու թատերախմբերը: Հայրենասիրական երգերի կատարումներով ներկաներին բավականություն պատճառեց Երևանից հրավիրված երգիչ Դավիթ Հակոբյանը:
Միջոցառումն անցկացվեց «Գորիսը ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառման շրջանակում: «Համագործակցության մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի կանոնակարգով, Հայաստանը 2016 թվականի դեկտեմբերին ԱՊՀ գործադիր կոմիտեին առաջարկություն էր ներկայացրել Սյունիքի մարզի Գորիս համայնքը 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հայտարարելու վերաբերյալ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը 2017 թվականի ապրիլի 7-ին Տաշքենդում մասնակցել և ելույթ է ունեցել ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Հենց այս օրը արտգործնախարարների խորհուրդը որոշել է հավանություն տալ Հայաստանի Գորիս քաղաքը որպես 2018 թվականին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու մասին որոշման նախագծին։