Եթե դուք ուզում եք փոխել ձեր կյանքը, դուք պետք է աներկբայորեն որոշեք դա անել: Փոփոխությունների սկզբունքը հետևյալն է: Նախ՝ դուք պետք է ընդունեք ինքներդ ձեզ, ձեր թերություններին կողքից նայեք: Ձեր հայելին ձեր կողքին գտնվող մարդիկ կլինեն: Եթե դուք ձեզ շրջապատող մարդկանց մեջ ինչ-որ բան եք քննադատում, ապա դա կա նաև ձեր մեջ: Այն բանից հետո, երբ դուք կընդունեք ինքներդ ձեզ, դուք կսկսեք ավելի թեթև նայել այն ամենին, ինչ տեղի է ունենում ձեր շուրջ: Բացի դրանից, դուք ավելի ինքնավստահ կլինեք, կդադարեք անհանգիստ լինել, և արդյունքում՝ գիտակցված կապրեք յուրաքանչյուր վայրկյանը:
Եվ այսպես՝
Այսօր, առավոտյան վաղ արթնանալով, ես հանկարծ անսպասելիորեն հասկացա, որ այսօրվա օրը իմ կյանքի լավագույն օրն է լինելու, և մի կողմ նետելով բոլոր կասկածները՝ որոշեցի, որ այսօր ողջ օրն ինձ համար տոն է լինելու: Այսօր ես որոշել եմ, որ ինքս ինձ շնորհակալ եմ լինելու իմ զարմանալի կյանքի համար, իմ բոլոր հաղթանակների ու ձեռքբերումների, ներշնչանքների ու օրհնանքների և, իհարկե, դժվարությունների համար, որոնք իմ կյանքում եղել են: Չէ՞ որ դրանք ինձ ավելի ուժեղ են դարձրել: Եվ այդ օրը ես անպայման կապրեմ գլուխս բարձր պահած ու երջանիկ սրտով: Ես Աստծուն շնորհակալ կլինեմ ամենապարզունակ բաների համար, որ ինձ շրջապատում են, առավոտվա ցողի, արևի, ամպերի, ծառերի, ծաղիկների ու թռչունների դայլայլի համար անգամ: Այսօր ես աշխարհի ամենաուշադիր մարդը կլինեմ, իմ ուրախությամբ կկիսվեմ ողջ աշխարհի հետ: Շնորհիվ ինձ՝ այսօր ինչ-որ մեկը կժպտա: Այսօր ես կդադարեմ անհանգստանալ այն բանի համար, ինչ չունեմ, և տիեզերքին շնորհակալություն կհայտնեմ բոլոր այն կախարդական բաների համար, որոնք իմ շրջապատում կան: Ես ինչ-որ անսովոր բան կստեղծեմ ու բարիք կարարեմ բոլորովին անծանոթ մարդու համար, և ամենաանկեղծ հաճոյախոսությունը կնվիրեմ նրան, ով չգիտես ինչու, տխուր է: Ես երեխային կասեմ, որ նա շատ յուրահատուկ մի փոքրիկ մարդուկ է, իսկ այն միակին, ում սիրում եմ, թե որքան շատ եմ սիրում նրան, ու, թե որքան թանկ է ինձ համար: Եվս մեկ անգամ ասում եմ, որ չեմ անհանգստանալու չունեցածիս համար, քանզի անհանգստությունը ժամանակի անիմաստ վատնում է: Իմ հավատն իմ սեփական ուժերի հանդեպ կհանգեցնի իմ բոլոր նպատակների ի կատար ածվելուն: Եվ այսօր՝ գիշերը՝ քնելուց առաջ, ես անպայման փողոց դուրս կգամ և վերև կնայեմ, դեպի երկնքի՝ միլիարդավոր աստղերով զարդարված անհունություն, և գորովանքով կհիանամ աստղերի գեղեցկությամբ ու լուսնի արծաթե սկավառակով: Ես Տիեզերքին շնորհակալ կլինեմ ողջ այդ կախարդանքի համար: Եվ արդեն գիշերը, գլուխս բարձին դնելով, ես աշխարհին շնորհակալ կլինեմ այդ հիասքանչ օրվա համար: Եվ կքնեմ երջանիկ մանկան քնով, ով հուզմունքով սպասում է վաղվա օրվան, քանզի վաղը իմ կյանքի լավագույն օրն է լինելու:
Մարիա Ղուկասյան