Տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի հատ «հանելուկ» ասեմ՝ կառավարությունը զբաղվի.
Ուրեմն, 2017 թվականին Հայաստանից արտահանվել է 489 հազար տոննա պղնձի խտանյութ (կոդ 2603)՝ մոտ 587 մլն դոլար մաքսային արժեքով։
Բայց հիմա նայեք
1) Ըստ ՀՀ մաքսային ծառայության տվյալների՝ 2017 թվականին Հայաստանից արտահանված պղնձի խտանյութի մեծ մասը՝ 285.6 մլն դոլար արժեքով, արտահանվել է Բուլղարիա։
Իսկ ըստ Բուլղարիայի տվյալների՝ իրենք 2017 թվականին Հայաստանից ընդհանրապես պղինձ չեն ներմուծել։
2) Ըստ ՀՀ մաքսային ծառայության տվյալների՝ 2017 թվականին Հայաստանից Շվեյցարիա արտահանվել է 87 մլն դոլար պղնձի խտանյութ։ Բայց արի ու տես, որ ըստ Շվեյցարիայի տվյալների՝ իրենք 2017 թվականին ընդամենը 12.8 մլն դոլարի պղնձի խտանյութ են ներմուծել։ Հայաստանը մատակարարների ցանկում չկա։
3) Ըստ ՀՀ մաքսային ծառայության տվյալների՝ 2017 թվականին Հայաստանից Վրաստան արտահանվել է 89.6 մլն դոլար պղնձի խտանյութ։ Բայց վրացական տվյալների՝ իրենք 2017 թվականին Հայաստանից ներմուծել են 226 մլն դոլարի պղնձի խտանյութ։
Ինչո՞վ է պայմանավորված տվյալների այս, մեղմ ասած, հակասությունը։ Ինձ թվում է՝ հարցի պատասխանը ձեզ էլ կհետաքրքրի, մեզ էլ ու մնացածին էլ։
Տվյալների աղբյուրը՝ https://comtrade.un.org/data/»