Ամուսնությունից հետո Թուրքիայում բնակվող մոդել, դերասանուհի Մարիամ Մելիքյանը դստեր հետ Երևանում է: Նա վերադարձել է հուլիսի 1-ին և պատրաստվում է ողջ ամառն անցկացնել հայրենիքում: Life.panorama.am-ի հետ զրույցում Մարիամը պատմեց, որ ընտրության առաջ է կանգնել հանգիստը կազմակերպել Հայաստանում, թե մեկ այլ վայրում, և դերասանուհին ընտրել է սիրելի երկիրը:
«Մեկ այլ վայրում էի պլանավորում անցկացնել ամառային հանգիստս, բայց քանի որ այդ դեպքում Հայաստան գալ չէի կարողանա, ուստի որոշեցի գալ այստեղ, քանզի Հայաստանում անցկացրածս օրերը ամենալավ հանգիստը կլինի ինձ համար: Հիմա այստեղ եմ աղջկաս հետ, բայց շատ շուտով մեզ կմիանա նաև ամուսինս, նա ևս այս անգամ երկար ժամանակով է գալու Հայաստան»,- պատմեց Մարիամը:
Դերասանուհու ամուսինն այժմ ընկերների հետ միասին է հանգիստն անցկացնում, հարցին, թե Մարիամը խանդոտ կին չէ՞ և հեշտությա՞մբ է համաձայնել, որպեսզի ամուսինն առանց ընտանիքի հանգստի մեկնի, պատասխանեց.
«Ես այդքան անվստահ կնոջ տպավորությո՞ւն եմ թողնում: Իհարկե, ես դեմ չեմ, որ նա առանձին հանգստանա, քանի որ առաջին հերթին ինքս իմ վրա եմ վստահ, հետո նոր՝ ամուսնուս: Ես վստահ եմ, որ ամուսինս ինձնից լավին չի կարող գտնել, և առհասարակ, վստահ եմ՝ նրան ուրիշ մեկը չի հետաքրքրի: Ես նրանից այնպիսի վերաբերմունք եմ ստանում, որ հաստատ անհանգստանալու պատճառ չունեմ»:
Մարիամը շուրջ վեց ամիս Հայաստանում չէր եղել, իր խոսքով՝ թղթաբանական խնդիրներն են եղել պատճառը, որ այդքան երկար ժամանակ չի եկել Հայաստան: Հիմա արդեն հարցը կարգավորված է և նա կկարողանա ավելի հաճախ վերադառնալ հայրենիք:
«Առաջին անգամ էի այդքան երկար ժամանակով բացակայել Հայաստանից, ասես կարոտին այլևս չդիմանայի: Բայց քանի որ հարազատներիս և հատկապես մայրիկիս հաճախ էի այնտեղ հյուրընկալում, ուստի կարոտս ավելի շատ երևանյան փողոցների, հայկական սնունդի նկատմամբ էր. քանի որ տեսակով գուրման եմ և հատկապես սիրում եմ հայկական խոհանոցը, անհամբեր սպասում էի, որ գամ Հայաստան՝ վայելելու այդ ամենը»,- նկատեց նա:
Ամուսնու վերադառնալուց հետո Մարիամը պլանավորում է ընտանիքով այցելել Հայաստանի տեսարժան վայրեր, որպեսզի թե ամուսինը, թե երեխան ճանաչեն Հայաստանը:
Ի դեպ՝ Երևանում գտնվելու օրերին Մարիամ Մելիքյանը կհասցնի նաև աշխատել: Նա առաջին անգամ հրավեր է ստացել գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու, որը սիրով ընդունել է:
«Դեռևս անուններ չեմ կարող նշել, բայց կարող եմ ասել, որ շուտով առաջին անգամ կնկարահանվեմ գեղարվեստական ֆիլմում, ընդ որում՝ առաջին անգամ հանդես կգամ ոչ կոմեդիկ նախագծում: Իհարկե, դերս շատ մեծ չէ, քանի որ կազմակերպիչները չգիտեին, որ երկար ժամանակով եմ լինելու այստեղ: Ամեն դեպքում, ուրախ եմ, որ այդ դաշտում կկատարեմ առաջին քայլս, որից հետո կհասկանամ՝ այդ ոլորտն իմն է, թե ոչ»,- ավարտեց նա: