Այսօր՝ հուլիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ուենեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել են Մելքումովի 72/1 հասցեի մոտ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Պավել Օրդյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Վահրամ Ենոքյանի գլխավորությամբ: Մինչ դեպքի վայր կժամանեին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, քաղաքացիները մահացածին դուրս են բերել 1 մետր խորությամբ փոսից: Տեղում աշխատել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 57-ամյա Աշոտ Դուրյանն էր, ով, ըստ դատաբժշկի նախնական եզրակացության, հանկարծամահ է եղել: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը աշխատելիս է եղել նշված ճանապարհին, որը կառուցվում է Երևանի քաղաքապետարանի կողմից և աշխատանքների ժամանակ ինքնազգացողությունը վատացել է ու մինչ շտապօգնության ժամանումը՝ մահացել է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: