«Ոչ մեկիս կյանքում առանձնապես բան չի փոխվում, ուղղակի էս օրվանից երկուսս էլ մի բաժակ սուրճ ենք «պոկել»». Կարինե Հարությունյան
Advertisement 1000 x 90

«Ոչ մեկիս կյանքում առանձնապես բան չի փոխվում, ուղղակի էս օրվանից երկուսս էլ մի բաժակ սուրճ ենք «պոկել»». Կարինե Հարությունյան

Մի կին է բարձրանում ավտոբուս, հասարակ մուրացիկ է՝ վրայից փչող քրտինքախառն հոտով: Տեղս զիջում եմ, նստում է՝ այդպես նաև ինձ ու մյուսներին է հարմար՝ շոգին տհաճ հոտերն ավելի արտահայտիչ են: Գլխի վերևում եմ կանգնել, նայում եմ, թե ոնց է ինձ զննում: Նայում է ներկած եղունգներիս, իր ցուցամատի՝ մի քիչ երկար, ծուռմռտիկ ու չներկած եղունգը կծմծում ու ձեռքերը թաքցնում ոտքերի արանքում: Հետո զարդերս է ուսումնասիրում, մոռանում, որ ձեռքերը թաքցրել էր իրենից ու նայում իր մատներին, մատանիս հայացքով սազացնում է մատներին:

Անցնում է դեմքիս. հայացքում չարություն չկա: Նայում է մազերիս, իր մազերն է փորձում կապել ու չի ստացվում, առավոտյան չի էլ սանրել, գզգզված են: Պայուսակից ջուր է հանում, ձեռքերը թրջում ու մազերին քսում, կարգի է բերում: Մի քիչ հետ է նստում ու ոտքերիս նայում, կոշիկներիս: Երկար նայելուց հետո՝ կտրուկ շրջում է գլուխը ու կծկվում, պատուհանից իբր դուրս նայում. պատուհանից հնարավոր չէ դուրս նայել՝ ապակին գովազդով է ծածկված: Նայում եմ ոտքերին՝ հաստ գուլպաներով է, բայց ամառային հողաթափերով. աջ ոտքի բթի մոտ ծակվել է գուլպան: Նայում եմ դեմքին՝ փոս ընկած աչքեր, ճաքճքած շուրթեր ու ծերացած, կախված մաշկ՝ այն, ինչ բոլորիս է սպասվում:

Արդեն պիտի իջնեմ:

-Կգա՞ք մի բաժակ սուրճ խմենք,-շշուկով ասում եմ ականջին:

Աչքերը լայնանում են, բիբերն աջ ու ձախ փախչում, գլուխը հետ է գցում ու նորից իբր պատուհանից դուրս նայում: Դե, ոչինչ, վախեցած է: Վճարում եմ, իջնում ու մինչ ակնոցներս եմ պայուսակիցս փորձում գտնել՝ տեսնեմ կողքս կանգնած է կինը:
Սրճարանները փակ են, խանութից սուրճ եմ վերցնում, նստում ենք մայթեզրին ու խմում: Կինն իր պայուսակից կոնֆետ է հանում՝ թուղթը երկար պահելուց խունացել է, բայց դրանից կոնֆետն իր քաղցրությունը չի կորցրել: Փորձում եմ շփվել հետը, չի խոսում: Մի քանի փորձից հետո ինձ հույս եմ տալիս՝ լիքը մարդ կա, որ հետը կարող ես խոսել, բայց առավոտ շուտ լուռ սուրճ խմել շատերի հետ չէ, որ կստացվի:

Սուրճ ենք խմում, հետո ես գալիս եմ իմ աշխատանքին, ինքն՝ իր. ոչ մեկիս կյանքում առանձնապես բան չի փոխվում, ուղղակի էս օրվանից երկուսս էլ մի բաժակ սուրճ ենք «պոկել»:

Լրագրող Կարինե Հարությունյանի ֆեյսբուքյան էջից: