Պատմաբան Վահե Անթանեսյանի գրառումը իր էջում. «Կաղանկատվացու նկարագրությունից երևում է, որ Աղվանքում հինգերորդ դարում Վաչագանի թագավորության ժամանակ դեռ կային բազում փոքրաթիվ աղանդներ, որոնցից հիշատակվում են մատնահատները, թունավորող-կուրացնողների աղանդները:
Հին աղվանները ծիսական սպանություններ էին կատարում հետևյալ պայմաններում: Բռնում էին մեկին, տապալում գետնին, ձեռքերի ու ոտքերի չորս բութ մատները կապում գետնին ցցած չորս ցցերից: Կաշին քրթում են սահմանված կարգով: Նախ կտրում էին աջ ձեռքի բթամատը, նրա հետ մի շերտ կաշի, որ կրծքի վրայով քերթում էին մինչև ձախ ձեռքի ճկույթը, որ նույնպես կտրվում էր: Այդպես` նաև ոտքերն են մշակում:
Ապա զոհին սպանում էին:
Երբեմն ծիսակարգի մասնակիցներին քրմապետի հրամկանով բաժանում էին երեք դասի և ամեն դասից զոհաբերում էին երեքական մարդ:
Աղվանքում հատուկ ծիսակարգով նաև խեղդում էին զոհին. Եթե խեղդողների աղանդից մեկը, որ պարտավոր էր ամեն տարի մեկ մարդ խեղդամահ անել և չէր կարողանում համապատասխան զոհ գտնել, քրմերի տանջանքներից ազատվելու համար պարտավոր էր իր ընտանիքի անդամներից մեկին թույն խմեցնել»: