Այն, որ երկրի գլխին եկած թավշահեղափոխական կառավարության անդամները չեն տառապում ավելորդ համեստությունից, կարծես առանց հավելյալ մեկնաբանությունների էլ պարզ է: Բայց ա՞յս աստիճան:
Հերթական սյուրպրիզը մատուցեց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Յուր ֆեյսբուքյան գրառմամբ նա հանրությանը մասնավորապես ավետեց հետևյալը. «Տեղեկացնում եմ, որ Հայաստանի պատմության թանգարանում 5-օրյա ժամկետում կհատկացվի ցուցասրահ՝ նվիրված թավշյա հեղափոխությանը: Երկուշաբթի օրը աշխատանքային խումբը կապ կհաստատի թանգարանի տնօրեն պարոն Գրիգորյանի հետ և հնարավորինս սեղմ ժամկետներում կսկսի ցուցասրահը համապատասխան նմուշներով համալրելն ու կահավորելը: Ցուցասրահի պաշտոնական բացման մասին կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն»:
Չէ, բայց միտք է: Ցուցասրահում կլինեն Նիկոլ Փաշինյանի ցուպը, կպչուն ժապավենով շարքից հանված արագաչափը, վրանը, անձրևանոցը, գլխարկը, բոթասը, ձեռքի վիրակապը: Հա, անպայման «Մերսեդեսի» ձայնային ազդանշանի հարմարանք, վուվուզել, շերեփ և կաթսա, փողոց փակելու ժամանակ գործածված աղբաման, Չալոյի մոմե արձանիկը, բարձրախոս, «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի խոսափողը, կհնչի Հայկոյի ձայնը՝ «իշքա՜մ, շքա՜մ…»: Նիկոլ Փաշինյանի ձայնը՝ «Հայաստանի հպա՜րտ քաղաքացիներ…»: Մի խոսքով, ահագին ցուցադրելու թավշյա հանգամանքներ կան:
Հասկանալի է, իհարկե, որ Նիկոլ Փաշինյանը, անկախ նրանից, թե դա ում է դուր գալիս կամ ոչ, արդեն մտել է պատմության մեջ: Բայց, կարծում ենք, դեռ վաղ է, որ նրա գլխավորած թավշյա անցուդարձը մտնի Պատմության թանգարան: Մշակույթի նախարարը մի փոքր, այսպես ասենք, մի 5 տարի շտապել է: Ժամանակից առաջ է ընկել:
Թեպետ, կարելի է կանգ չառնել թանգարանային ցուցասրահի վրա: Պետք է կինոներ նկարել, գրքեր գրել, հեղափոխական ռաբիս երգերի ամենամսյա մրցույթ նախաձեռնել, թատերական ու կրկեսային ներկայացումներ, մարզական ու մշակութային միջոցառումներ: Ինչպես, ասենք, օրերս համացանցում տարածվել էր մանկապարտեզներից մեկում կազմակերպված ցերեկույթը, որի ժամանակ մորուսակիր պստիկը ժողվարչապետի դերն էր կատարում՝ «Իմ քայլը» մինի-ներկայացման մեջ:
Անպայման պետք է գեղանկարների ու քանդակների մրցույթ անցկացնել: Թեմաների պակաս չկա: Նկարել ցանկացող երեխաների ու նրանց ծնողների՝ ևս: Պետք է ի վերջո ստեղծագործական ճիշտ հուն ուղղորդել այդ ներուժը: Ի դեպ, հրապարակը պատվանդանի ու արձանի պակաս ունի: Վատ չէր նայվի Նիկոլ Փաշինյանը՝ ուսապարկով, ցուպը ձեռքին, աջից՝ Արարատ Միրզոյանը, ձախից՝ Լիլիթ Մակունցը, հայացքները պարզած դեպի պայծառ ապագա: