Վրաստանը հերթերի նոր համակարգ է կիրառում սահմանին. ինչո՞ւ այդ մասին չգիտեին Հայաստանում. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Վրաստանը հերթերի նոր համակարգ է կիրառում սահմանին. ինչո՞ւ այդ մասին չգիտեին Հայաստանում. armeniasputnik.am

Վրացի գործընկերները ՀՀ տրանսպորտի նախարարությանը չեն զգուշացրել սահմանային անցակետում հերթերի նոր կարգի մասին։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը։

Հուլիսի 1-ից ավտոմեքենաները Վրաստանի սահմանային անցակետերով անցնում են էլեկտրոնային հերթով։ Ընդ որում` բեռնատարները ոչ թե տեղում են գրանցվում, այլ նախապես։

Փամբուխչյանը նշեց, որ ՀՀ տրանսպորտի նախարարության աշխատակիցները վրացի գործընկերների հետ հսկում են իրավիճակը։

«Ցավոք, տրանսպորտի նախարարությունը չէր հայտնել և՛ մեզ` բեռնափոխադրողներիս, և՛ վարորդներին ընդհանրապես, որ հարևան երկրում նոր կարգ է մտցվել։ Բայց չէ՞ որ մեր գերատեսչությունների միջև մշտապես պետք է տեղեկատվության փոխանակում լինի։ Եվ առնվազն մի քանի օր առաջ մեզ պետք է նախազգուշացնեին», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի բեռնափոխադրողների միության նախագահ Մակար Առաքելյանը։

Հասկանալի է` ինչու է Վրաստանը հերթերի համակարգ սահմանել. ամռանն այստեղ զբոսաշրջիկների հոսքը մեծանում է, և անցակետերը չեն հասցնում սպասարկել բոլորին։ Ռուսաստանի սահմանին գտնվող Վերին Լարս անցակետը կարող է օրական մոտ 4 հազար մարդու սպասարկել, իսկ անցյալ տարի օգոստոսի սկզբին մաքսակետում մինչև 15-17 հազար մարդ էր հավաքվում։ Այդ պատճառով էլ որոշել են կանոնակարգել հերթերը։

Վատ է միայն այն, որ հայ վարորդներին նախապես այդ մասին չեն տեղեկացրել։

«Հերթերի մեջ են մնացել տարբեր ապրանքներ, այդ թվում` պարենամթերք տեղափոխող բեռնատարները։ Իհարկե, խոշոր բիզնեսը ապահովագրում է իր բեռները։ Իսկ փոքր բիզնեսն ու հասարակ քաղաքացիներն ի՞նչ անեն», — նկատեց Առաքելյանը։

Նրա կարծիքով` այս միջադեպը կրկին ապացուցում է, որ ՀՀ տրանսպորտի նախարարությունը պետք է հետևողականորեն և սերտ համագործակցի Վրաստանի և Իրանի գործընկերների հետ։

armeniasputnik.am