Վարդենիսում կկազմակերպվի վերականգնվող էներգիայի հնարավորություններին նվիրված ցուցահանդես
Advertisement 1000 x 90

Վարդենիսում կկազմակերպվի վերականգնվող էներգիայի հնարավորություններին նվիրված ցուցահանդես

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում հուլիսի 20-21-ին կկազմակերպվի վերականգնվող էներգետիկայի հնարավորություններին նվիրված ցուցահանդես, որին մանսակցելու հայտ են ներկայացրել այս ոլորտում մասնագիտացված «Շտիգեն», «Էկովիլ», «ՖրինԷներջի», «SolarEss» ընկերությունները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Արևային էներգիայի ծրագրի» համակարգող, Սևան- Գրենոբլ համագործակցության պատասխանատու Նելլի Ստեփանյանը, ցուցահանդեսը նվիրված է Վարդենիսում գործող «Արեգ» բարեգործական հիմնադրամի տարեդարձին:

«Դեռևս 2015 թվականին Ֆրանսիայի Ռոման քաղաքի «Հայոց բարեկամական միությունը» նախաձեռնեց արևային էներգիայի ոլորտում ծրագիր, որի նպատակն էր օգնել ընտանիքներին՝ օգտագործելու արևային էներգիան, կատարել տնտեսումներ: Ծրագիրն ընդլայնելու և զարգացնելու նպատակով միության կողմից Ռոմանի քույր քաղաք Վարդենիսում 2017 թվականին հիմնվեց «Արեգ» հիմնադրամը, որը գործունեությունէ ծավալում վերականագնվող էներգիաների ոլորտում: Արևային տեխնոլոգիաներն այս ձևաչափով ներկայացնելն ունի մի քանի նպատակ` ի ցույց դնել արևային էնեգետիկայի լուծումները, այն հասանելի դարձնել շահառուներին և պոտենցիալ գնորդներին, տեղում ստանալ պատվերներ, ապահովել արտադրողի և սպառողի կապը, ձևավորել մշակույթ՝ օգտագործելու մաքուր, կայուն, անվճար ռեսուրս հանդիսացող արևային էներգիան: Այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար «Արեգ» հիմնադրամի շուրջ միավորվել են Գրենոբլի քաղաքապետարանը, Ռոման քաղաքի Հայոց բարեկամության միությունը, Ֆրանսիայի հայկական հիմնադրամը, «Լայոնս» ակումբը, Իզերի դեպարտամենտը, Օվերն Ռոն- Ալպ տարածաշրջանը: Հուլիսի 20-21- ին անցկացվող էքսպո- ցուցահանդեսի շրջանակներում մասնակից ընկերություններին տեղում տրվելու են պատվերներ: Շահառու ընտանիքներն ու հանրային կառույցներն իրենք են ընտրելու այն ընկերություններն, որոնց հետ աշխատելու են: «Արեգ»- ի կողմից հիշյալ ընկերություններին տրվելու են պատվերների ցանկն ու նախահաշիվները: Արդեն հստակեցված են պատվերների քանակը, պատվիրատուները: Այսպես` Ռոմանի Հայոց բարեկամության միության կողմից տրվելու է 20, Օվերն Ռոն Ալպ տարածաշրջանի հայկական ասոցիացիաների ֆեդերացիայի կողմից` 6, Լայոնս ակումբի կողմից` 8, Դրոմի դեպարտամենտի և«Արեգ» հիմնադրամի կողմից՝ 4-ական պատվեր»,-ներկայացրեց Նելլի Ստեփանյանը:
Պատվերները ներառում են հոսանքի ֆոտովոլտային և ջրատաքացման համակարգեր:

Նույն աղբյուրի համաձայն՝ «Արեգ»-ի մեկ տարվա գործունեության ընթացքում տեղադրվել է 43 արևային ջրատաքացուցիչ Սևան, Վարդենիս և Շուշի քաղաքներում, որից 5-ը նվիրատվություն է եղել Վարդենիս և Սևան համայանքների մանկապարտեզներին:

Վարդենիսում 3 տարվա ընթացքում տեղադրվել է 70 ջրատաքացուցիչ, և առկա դրական փորձը կարող է տարածվել ողջ մարզում:
Էքսպո-ցուցահանդեսին մասնակցելու են Ֆրանսիայի դեսպանատան, գերատեսչությունների ներկայացուցիչներ, համայնքի ղեկավարներ: