«Երևան 2800» կայքից տեղեկացնում են, որ Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի նախաձեռնությամբ, ի թիվս տոնական բազմաթիվ միջոցառումների, հուլիսի 13-21-ը ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդելի կենտրոնական գրադարանի և արվեստի կենտրոնում կանցկացվի Երևանի թեմատիկ լուսանկարների ցուցահանդես՝ «Այցելի՛ր Երևան-2800» խորագրով:
Ցուցահանդեսում ներկայացված շուրջ 50 լուսանկարներում պատկերված է 19-րդ դարի վերջերի և 20-րդ դարի սկզբների, նաև խորհրդային ժամանակաշրջանից մինչև մեր օրերի Երևանը:
Հարկ է նշել, որ հին և խորհրդային շրջանի լուսանկարների բնօրինակներն այսօր էլ պահպանվում են Երևանի պատմության թանգարանի հավաքածուներում և արտատպվել են հատուկ այս ցուցահանդեսի համար: «Այցելի՛ր Երևան – 2800» ցուցահանդեսի անցկացման նպատակն է բոլորին ներկայացնել մայրաքաղաք Երևանը՝ այդպիսով հնարավորություն ընձեռելով տեսնել և յուրովի զգալ մեր հնամյա քաղաքի շունչն ու ջերմությունը, նաև հրավիրել բոլորին մեր հյուրընկալ քաղաք՝ միասին տոնելու Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանը:
Հիշեցնենք, որ «Երևան 2800» հիմնական տոնական միջոցառումներն այս տարի կանցկացվեն սեպտեմբերի 29-30-ը: Հետևեք տոնական միջոցառումներին yerevan2800.am կայքով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն