Սոնա Ռուբենյանի ակումբային մենահամերգի հետաքրքիր և էմոցիոնալ պահերը. life.tert.am
Advertisement 1000 x 90

Սոնա Ռուբենյանի ակումբային մենահամերգի հետաքրքիր և էմոցիոնալ պահերը. life.tert.am

«Մայրիկ», «Ժամանակն է», «Պատրանքի թևով», «Մախմուր աղջիկ». Սոնա Ռուբենյանը «Կամիում» ներկայացավ ակումբային մենահամերգով, որի ժամանակ ներկայացրեց ինչպես իր հեղինակային ստեղծագործությունները, այնպես էլ հայտնի երգերը իր մոտեցմամբ։ Tert.am Life-ը հետևել է երեկոյի ընթացքին և ներկայացնում է մանրամասները։

Երկու բաժնից կազմված համերգային ծրագրի առաջին մասում Սոնան ներկայացրեց մեղեդային երգեր, երկրորդ բաժինն առավել ակտիվ էր։ Չնայած ակումբային միջավայրում մեղեդային  ստեղծագործություններ ներկայացնելը փոքր-ինչ ռիսկային է հնչում, հանդիսատեսը հակառակն ապացուցեց` կլանված հետևելով Սոնայի կատարումներին և վայելելով երեկոն։ Երգչուհին, որը փորձ ունի լսարանին ներկայանալ նաև ավելի ակտիվ ու պարային երգերով, էներգետիկայի պակաս չզգաց ամբողջ երեկոյի ընթացքում։

«Երաժշտական ակումբ է, սակայն թե՛ պարային երգերն են ընդունվում, թե՛ մեղմ կատարումները։ Երգածդ հասնում է հանդիսատեսին, իսկ դա ամենակարևոր գնահատականն է։ Դա հաճույք է պատճառում երգչին, քանի որ էներգիադ տալիս ես հանդիսատեսին և շրջանառության միջոցով հետ ստանում այն»,- նկատեց Սոնան։

Սոնան նոր է սկսել ներկայանալ ակումբային մենահամերգներով։ «ԳարիկՍոնա» նախագծով ակումբային ելույթների հաջող շարք սկսելուց հետո Սոնան որոշել է ներկայանալ նաև մենահամերգներով։ Առաջինը լավ է անցել, ուստի որոշել է, որ այս համերգներն էլ շարունակական կդառնան։

«Նման միտք վաղուց ունեի։ Շատ էի ուզում իմ հեղինակային և իմ սիրելի երգերով ներկայանալ։  Որոշեցի ներկայացնել այն, ինչ զգում եմ այդ երգերը գրելիս, մեկնաբանելիս։ Եթե ոչ մեծամասշտաբ համերգ, ապա կարելի է ակումբային մտերմիկ միջավայրում կատարել այդ ստեղծագործությունները։ Ես ինձ շատ լավ եմ զգում և շատ ուրախ եմ, որ կարողանում եմ ներկայացնել նաև հեղինակային երգերս։ Սա արդեն երկրորդ համերգս է, կարծում եմ` ամեն ամիս կներկայանամ»,- ասաց երգչուհին։

Սոնայի հանդիսատեսի շարքերում ոչ միայն հայաստանաբնակ, այլև Սփյուռքից եկած հյուրեր կային։ Երգչուհուն ոգևորում է այս փաստը։ ««ՍոնաԳարիկ»  համերգի ժամանակ էլ ենք հաճախ ունենում հանդիսատես դրսից, այս համերգի ժամանակ էլ հանդիսատեսի 50-60 տոկոսը դրսից են։ Ինձ համար դա շատ ուրախալի է»,- ասաց երգչուհին ու հավելեց, որ օգոստոսի 2-ին Սևակ Ամրոյանի հետ Սփյուռքի նախարարության առաջարկով մեկնելու են Ուրուգվայի, Բրազիլիայի և Արգենտինայի հայ համայնքներ` ներկայացնելու հայկական երաժշտությունը։

Ամբողջությամբ՝ life.tert.am