Աշխարհի առաջնությունը սահուն, բայց և տպավորիչ ընթացքով մոտենում է ավարտին: Ֆրանսիան ու Խորվաթիան կվիճարկեն աշխարհի գավաթը: Կիսաեզրափակիչի Ֆրանսիա – Բելգիա ձանձրալի պայքարից հետո Խորվաթիայի և Անգլիայի դիմակայությունը արդարացրեց սպասելիքները:
Խաղից առաջ անգլիացի երկրպագուները յուրօրինակ ֆլեշմոբով աջակցություն էին հայտնել ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթին, որի ղեկավարությամբ կերպարանափոխված թիմը երկար տարիների ընթացքում առաջին անգամ չեմպիոնության իրական հավակնորդ էր: Խաղից առաջ ֆանատները հագնվել էին Սաութգեյթի ոճով։ 47-ամյա անգլիացի մասնագետը նախընտրում է դասական ոճը՝ M&S բրենդի անթև բաճկոնով։ Հավանաբար, պատահական չէ ուշադրությունը Սաութգեյթի ոճի նկատմամբ, քանի որ նրա ղեկավարությամբ Անգլիայի թիմը ևս ցուցադրում է ոճային, կազմակերպված և կոկիկ խաղ:
Ստեղծագործ խաղից և հարձակման արագությունից բացի Սաութգեյթը կարողացել է լուծել անգլիական թիմի երկու ավանդական խնդիրները՝ պաշտպանությունն ու դարպասապահի դիրքը: «Էվերտոնի» 24-ամյա դարպասապահ Ջորդան Պիկֆորդը դրական տպավորություն թողեց: Թիմի նախկին դարպասապահներ Դևիդ Սիմենի, Դևիդ Ջեյմսի, Փոլ Ռոբինսոնի և Ջո Հարթի երբեմն ծաղրածուական սխալների ֆոնին, Պիկֆորդը լուրջ տեսք ունի:
Այժմ Անգլիայի հավաքականի պաշտպանության մասին: Սաութգեյթը եղել է պաշտպան և լավ է հասկանում պաշտպանության նրբությունները: Հավասարակշիռ և կարգապահ խաղը հենց գրագետ դասավորած պաշտպանության շնորհիվ էր: Պաշտպանական քառյակը (Ուոլքեր, Սթոունս, Մագուայր, Յանգ) ամեն ինչում լավն էր՝ ֆիզիկական տվյալներ, արագություն, կարգապահություն, օդային պայքար:
Ամբողջությամբ՝ sport.news.am