Սթրեսը կարող է ազդել էմոցիաների, վարքի, մտածելու կարողության, ֆիզիկական առողջության վրա, իսկ քրոնիկ սթրեսը լուրջ վտանգ է ներկայացնում թե ֆիզիկական, թե հոգեկան առողջության համար: Cluber.com.ua-ը ներկայացրել է 8 նշան, որոնք վկայում են այն մասին, որ սթրեսն արդեն իսկ վնասում է ձեր առողջությանը:
Գլխացավեր: Գլխացավերը հաճախ առաջանում են հենց սթրեսի ժամանակ, սթրեսը հաճախ գլխացավի հիմնական պատճառն է: Լարվածության գլխացավերը թեթև կամ ուժեղ ցավի պատճառ են դառնում գլխի, իրանի, աչքերի հատվածում: Սթրեսը կարող է առաջացնել, ինչպես նաև սրել գլխացավերի մյուս տեսակները, այդ թվում՝ միգրենը:
Նյութափոխանակության հետ կապված խնդիրներ: Երբ օրգանիզմում մեծ քանակով հորմոններ են արտադրվում, նյութափոխանակության համակարգը «սթրեսի» է ենթարկվում: Դրա հետևանքով նկատվում են նյութափոխանակության հետ կապված մի շարք խնդիրներ:
Հաճախակի մրսածություն, վարակներ: Սթրեսի հետևանքով արյունատար համակարգն արագ ռեժիմով է աշխատում: Այս ֆիզիոլոգիական էֆեկտը, որը համադրվում է զարկերակային բարձր ճնշման հետ, կարող է ճնշել իմունային համակարգը. այն թուլանում է, օրգանիզմը դժվարությամբ է հայտնաբերում և չեզոքացնում բակտերիաներն ու այլ միկրոօրգանիզմները:
Քաշի ավելացում: Սթրեսը հաճախ է ուղեկցվում քաշի ավելացմամբ: Կորտիզոլի բարձր մակարդակը մեծացնում է ախորժակը, ինչի արդյունքում մարդը սկսում է չարաշահել սնունդը (հատկապես՝ վնասակար սնունդը) և ավելի արագ է քաշ հավաքում:
Որովայնի հետ կապված խնդիրներ: Սթրեսի բարձր մակարդակի դեպքում հաճախ են նկատվում ցավեր որովայնի շրջանում: Սրտխառնոց, դիսպեսիա, ջղաձգումներ, ցավեր… այս բոլոր խնդիրները կարող են սթրեսի հետևանք լինել:
Հոգնածություն: Էմոցիոնալ, մտավոր, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող են սթրեսի հետևանք լինել և լրջորեն խանգարել օրգանիզմի կենսագործունեությանը:
Ցավ կրծքավանդակում: Սթրեսն առաջացնում է անհանգստություն, ինչը կրծքավանդակում ցավի պատճառ է դառնում:
Սեռական ցանկության նվազում: Սթրեսի հետևանքով սեռական ցանկությունը կարող է նվազել կամ առհասարակ անհետանալ: Քրոնիկ սթրեսը կանանց շրջանում կարող է հանգեցնել նույնիսկ ձվազատման խանգարման, ազդել տղամարդկանց վերարտադրողական առողջության վրա:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը