Ինձ հասկանում է Ռուբեն Մաթևոսյանը
Advertisement 1000 x 90

Ինձ հասկանում է Ռուբեն Մաթևոսյանը

Սիրված ու ճանաչված երգչուհի Ռաիսա Մկրտչյանը 70-ականների մեր բարի ու գեղեցիկ Երևանի խորհրդանիշներից է: Իր նրբաճաշակ, անկեղծ ու գրագետ երգերի մթնոլորտում մի քանի սերունդ է հասակ առել: Այն փաստին, որ իր երգերը հազվադեպ են հնչում ռադիոյով, էկրանից ու համերգային հարթակներից, Ռ. Մկրտչյանը հանգիստ, բայցև թախիծով է վերաբերվում: Նա շարունակում է երգել, ավելի հաճախ՝ արտասահմանում, դասավանդում է Կոնսերվատորիայի վոկալի բաժնում: Եվ չմոռանալով դաշնակահարուհու իր մասնագիտությունը, արդեն շուրջ 35 տարի նաև դասավանդում է Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանում: Հավատարիմ է Ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբին, որտեղ սկսել է երգել 18 տարեկանից:

– Հիմա էլ ենք փոքրիկ խմբով հավաքվում փորձասենյակում՝ կարոտելով մեր աշխատանքը ու լավ օրերը: Տարիներ առաջ, երբ մենք զբաղվում էինք հայ կոմպոզիտորների երգերի ձայնագրմամբ ու դրանք հեռուստատեսությամբ ու ռադիոյով պրոպագանդելով, մենք պլան ունեինք՝ ամեն ամիս յուրաքանչյուր մենակատար պարտավոր էր մեկ երգ ձայնագրել: Սոցպլան էր, բայց հրաշալի երգեր էին ստեղծվում: Ռոբերտ Ամիրխանյանի, Մարտին Վարդազարյանի, Մելիք Մավիսակալյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսեյ Հեքիմյանի և էլի շատ կոմպոզիտորների երգեր էինք ձայնագրում: Բաբաջանյանի 40 երգ միայն ես եմ ձայնագրել, և այդ երգերը հենց ինձ համար են գրված եղել: Ամիրխանյանի 18 երգ ունեմ ձայնագրած: Այնպես որ, հիմա ես կարող եմ ամեն մի կոմպոզիտորի ստեղծագործությունների հիման վրա հեղինակային մենահամերգ անել:

– Այդ երգերը ռադիոյի սեփականությունն են, դուք կարո՞ղ եք դրանք օգտագործել:

– Ռադիոյում իմ կատարմամբ 400 երգ կա, դրանք «Ոսկե ֆոնդ» են համարվում: Մենք այդ երգերն օգտագործելու իրավունք չունենք, երգ ձայնագրելը մեր աշխատանքն է համարվել, որի համար մենք աշխատավարձ ենք ստացել: Հիմա այդպես չէ, 90-ականներից սկսած ամեն բան փոխվեց՝ մենք դոտացիայով չենք աշխատում: Երգում ենք, երբ հրավերներ են լինում: Հետո, գիտեք, նվագախումբը շատ է փոխվել: Շատ երգիչներ արտասահման են մեկնել:

– Իսկ դուք մեկնելու ցանկություն չե՞ք ունեցել:

– Միգուցե այն պատճառով, որ սովետական ժամանակներում ես արտոնյալ երգչուհիներից եմ եղել, շատ եմ մեկնել արտասահման, ներկայացրել եմ հայ երգը, իմացել եմ այնտեղի լավն ու վատը, մշտական մեկնել Հայաստանից չեմ ցանկացել: Տարբեր երկրներում աշխատելու հրաշալի առաջարկներ եմ ստացել: Բայց մտածել եմ՝ վերջիվերջո մեր ժողովուրդն է ինձ բարձրացրել, հիմա գնամ ուրիշ տեղ՝ ո՞ւմ համար երգեմ:

– Իսկ չե՞ք ափսոսում, որ ձեր երիտասարդ ու փառքով լի տարիները համընկան այն ժամանակաշրջանի հետ, երբ երգն այլևս մեծ եկամուտ չէր բերում:

– Այն ժամանակ մենք ավելի լավ վիճակում էինք, քան այսօրվա երգիչները: Մենք շրջագայում էինք, լավագույն համերգների էինք մասնակցում: Ես աշխարհի բոլոր մայրցամաքներում եմ եղել: Այդ արտոնությունը չորս-հինգ մարդ ուներ: Մեծ գումարներ չէինք աշխատում, բայց մեզ բավարարված էինք զգում: Ես մինչև հիմա էլ զարմացած եմ, թե ինչպես՝ չնայած իմ տարիների աշխատանքին, ինձ հանկարծ հասկացրին, որ իմ ժամանակն այլևս վերջացավ: Կարծես ինձ հուշեցին՝ ամփոփվիր նրա մեջ, ինչ ունեցել ես: Ես շատ շնորհակալ եմ իմ ճակատագրից, քանի որ նույնիսկ այդ բարդ տարիներին շարունակել եմ աշխատել՝ հյուրախաղերի եմ մեկնել: Սովետական շրջանում մենակատարները մենահամերգ երգելու իրավունք չունեին, անպայման պետք է բոլորը միասին երգեին: 90-ականներին ես արդեն կարողացել եմ մենահամերգներ ունենալ Լոնդոնում, Լիբանանում, Կանադայում, Ամերիկայում:

– Չե՞ք մտածել որևէ երիտասարդ երգչի հետ զուգերգ ստեղծել: Նման փորձ արեց Էռնա Յուզբաշյանը:

– Դա նորություն էր, պարզապես Էռնան կլասիկա դարձած Ամիրխանյանի երգը փոփոխել էր, ինչը, կարծում եմ, պետք չէր անել: Այժմ ես չեմ տեսնում այն երիտասարդին, ում հետ կուզենայի երգել: Իմ ապրումները և հոգեվիճակը լավ հասկանում է Ռուբեն Մաթևոսյանը: Մեր ընկալումները նույնն են, մենք վաղուց ենք իրար հետ երգում:

– Հիմա էստրադա մուտք գործելը հեշտ է, բազմազան կատարողներից ո՞ւմ կարող եք առանձնացնել:

– Անուններ նշել չեմ ուզում, կան լավ կատարողներ: Հեշտ է, որովհետև ազատ շուկա է: Գաղտնիք չէ, որ նախկինում ռադիոյում ձայնագրվելու համար պետք էր գեղխորհուրդ անցնել, հաշվի էր առնվում և՛ առոգանությունը, և՛ հնչյունների մաքուր արտաբերելու կարողությունը, և՛ կատարողական վարպետությունը: Հիմա այնպես են երգում, որ չես հասկանում՝ ի՞նչ են երգում: Երգերից շատերը ահավոր խոսքեր ունեն, մեղեդիները գողացված են: Երգերի մեջ ոգի չկա: Լավ երգ գրելը սիմֆոնիա ստեղծելուց ավելի դժվար է: Երգը պատկեր է, տրամադրություն, հոգեվիճակ: Կան լավ երգեր, բայց դրանք իրենց ետևից չեն տանում: Ասենք, խոհանոցում գործ ես անում, հանկարծ ինչ-որ երգ ես լսում, պետք է ամեն ինչ թողնես ու գաս լսելու: Այդ վիճակը չկա: Ջերմություն եմ զգում Շուշան Պետրոսյանի ու Լեյլա Սարիբեկյանի երգերում: Երիտասարդների մեջ մեծ ներուժ կա՝ ոչ միայն էստրադայի ասպարեզում, այլև դասական երաժշտության մեջ: Եվ ծնողներն են հետևողական. ուզում են, որ իրենց երեխաները սովորեն: Մտածում եմ, այդ երեխաները մեր փոքրիկ հանրապետությունում ինչպե՞ս պետք է իրենց ռեալիզացնեն:

– Ռեալիզացվել ցանկանում են բոլորը: Հայ կանայք 50 տարեկանից հետո կարծես միշտ մտահոգ են և հազվադեպ են ուշադրություն դարձնում իրենց արտաքինին, կորչում է դեմքի բարի արտահայտությունը: Ինչո՞ւ է այդպես:

– Կարծում եմ՝ ոչ թե 50-ից, այլ 40-ից հետո կնոջ համար աշխատանք գտնելն արդեն դժվար է: Կինը պետք է աշխատի և սիրի իր աշխատանքը: Ինձ օգնում է իմ զբաղված լինելը: Եվ ուսումնարանում, և Կոնսերվատորիայում ես աշակերտներ ունեմ: Տանը երկու թոռնիկ ունեմ, մեծ թոռնիկս արդեն ուսանող է Մոսկվայում: Երևի Աստծո կողմից սիրված եմ: Ես երբեք ճակատագրից շատ բան չեմ ուզել: Ամեն ինչի միջինն եմ նախընտրել: Կարծում եմ, երբ շատ-շատ բան ես ուզում, անկումն ավելի ցավալի է լինում: Իսկ անկումն անխուսափելի է: Իմ խիղճը հանգիստ է ընտանիքիս առաջ: Միշտ ցանկացել եմ ունենալ նորմալ հայկական ընտանիք: Իսկ երգարվեստն այնպիսի բնագավառ է, որն ազատություն է պահանջում: Հաջողության ես հասնում՝ միշտ ինչ-որ բաներից հրաժարվելով: Ձեռքբերումներ ունենալ՝ հարազատներին ցավ պատճառելով, չեմ ցանկացել: Կարողացել եմ հավասարակշռել արվեստն ու ընտանիքը: Եվ միշտ աշխատել եմ: Ամենամեծ հաճույքը ստացել եմ երգերի ձայնագրման պրոցեսից: Հաջողված երգը հրաշք է, երբ երգը ստացվում է, ստուդիայից թևավորված եմ դուրս գալիս:

– Նոր երգեր ձայնագրո՞ւմ եք:

– Ես չեմ կարծում, որ նոր երգ ձայնագրելու համար պետք է իմ ընտանիքից գումար կտրեմ ու տամ հեղինակին, գործիքավորողին, հետո երգը տեսահոլովակի վերածեմ: Դա իմ կյանքին նոր բան չի ավելացնի:

– Իսկ ձայներիզ ունե՞ք:

– Ոչ: Բայց շուտով բեյրութահայ մի մեծահարուստի շնորհիվ միանգամից ութ CD կթողարկվի: Ֆոնդում կան ձայնագրություններ, որոնք սարսափելի վիճակում են, վնասվել են: Վերականգնելու համար մեծ գումար է պահանջվում: Կան ժապավեններ, որոնց համարանիշները կորսված են և հնարավոր չէ դրանք գտնել: Թողարկվող ալբոմների մեջ հավաքվել են այն երգերը, որոնք հնարավոր է վերարտադրել: Դրանք բոլորն էլ հայերեն երգեր են լինելու: Նյութն այժմ Գերմանիայում մաքրվում է: Հետո երևի ռուսական երգերի կանցնեմ: Առնոյի, Հեքիմյանի, Մարտինովի, Պետրովի, վրացի կոմպոզիտորների հրաշալի երգեր ունեմ: Ձայներիզից ես եկամուտ չեմ սպասում: Գումար չեմ ստանա, ինձ ձայներիզների մի քանի օրինակ կնվիրեն: Ես այն մարդը չեմ, ով ցանկանում է գումար սարքել: Չեմ ուզում պատասխանատվություն վերցնել, կեղծողների դեմ պայքարել:

– Այժմ Հայաստանում փորձում են պայքարել ապօրինի ձայնագրությունների դեմ: 

– Ամբողջ աշխարհում են կեղծում: Օրինակ, Ամերիկայում մի հայ դատի տվեց կեղծողներին, մի քանի հազար դոլար ծախսեց և չշահեց դատը: Նույնը փորձեց անել Լուսինե Զաքարյանի ամուսինը, դատական պրոցես սկսեց Լուսինեի ձայնագրություններն՝ առանց իր թույլտվության թողարկելու համար և ոչ մի արդյունքի չհասավ: Դա դժվար գործ է, պետք է հետևողական լինել:

– Ձեզ չի՞ մտահոգում այսօրվա հայ էստրադայի վիճակը:

– Միշտ էլ եղել է իսկական արվեստ ու «շիրպոտրեբ»: Անգամ էստրադային երգն իր որակական շերտերն ունի, կա երաժշտություն ոտքերի համար, այսինքն՝ պարելու, և կա ոգու համար: Ես ափսոսում եմ, որ այժմ շատերին ծանոթ չեն Ամիրխանյանի երգերը՝ գրված Ալիսիա Կիրակոսյանի բանաստեղծությունների հիման վրա: Այդ երգերն արդեն դասական են դարձել, բայց ռադիոյով կամ հեռուստատեսությամբ չեն հնչում: Կարծում եմ՝ դրանք հիմա ավելի հասուն ու հետաքրքիր կարող եմ երգել: Պետք է տակտի, չափի զգացում լինի, պետք է երևա էմոցիոնալ, կուլտուրական կատարումը: Երգեր կան, որոնք միայն փակ տարածքում, դահլիճում լսելու համար են: Մեր նվագախումբը շուտով Կասկադում է ելույթ ունենալու, ես ընտրել եմ ավելի արագ, ոչ խոհական երգեր: Ինձ ասում են՝ պիտի սովորես խոսող, քայլող, սուրճ խմող մարդկանց համար երգել: Ասում եմ՝ ոչ, մթնոլորտը չի տրամադրում խոհական երգեր երգել:

– Տանը, թոռնիկների համար երգո՞ւմ եք:

– Երբեք: Մեկ-մեկ մեղմ ձայնով, քթի տակ օրորոցային երգել եմ, բայց եթե իսկապես երգեմ, նրանք կարթնանան, ոչ թե կքնեն: Իմ տղան հիշում է, որ երբ երգում էի իր համար, տխրում էր: Օրորոցայինները տխուր են: Մանկական երգեր երբեք չեմ երգել, միակ երգը մուլտֆիլմում Ամիրխանյանի «Պույ-Պույ մուկիկի» երգն է եղել:

Նունե Հախվերդյան

«168.am»