ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն անդրադարձել է ՆԱՏՕ-ի բրյուսելյան գագաթնաժողովում ընդունված ամփոփիչ հռչակագրի շուրջ հակասական գնահատականներին: «Ես ծանոթ եմ տարբեր մեկնաբանությունների ու գնահատականների, բայց չեմ ուզում զբաղվել լեզվաբանական վերլուծություններով: Հստակ է, որ ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովում ընդունված հռչակագրի 67-րդ պարագրաֆում ամրագրված է՝ հիմնախնդիրները պետք է կարգավորվեն գործող ձևաչափում և միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես, ՄԱԿ-ի կանոնադրության ու Հելսինկիի եզրափակիչ ակտի հիման վրա: Սա այն է, ինչ ասում ենք մենք՝ միջազգային իրավունքի հիման վրա և գործող ձևաչափերում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տիգրան Բալայանը։
ՆԱՏՕ-ի բրյուսելյան գագաթնաժողովը հուլիսի 11-ին ամփոփիչ հռչակագիր է ընդունել, որում կոչ է արվում Հարավային Կովկասում հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով: