«Gaziantepsabah.com» կայքէջի թղթակիցը զրուցել է Այնթափի (պաշտոնական անվանումը` Գազիանթեփ-Ակունքի խմբ.) հայտնի լուսանկարիչ Սերդար Բեյազասլանիհետ, ով լրատվամիջոցին հայտնել է, որ այստեղի առաջին լուսանկարիչը մի հայ է եղել: Այդ մասին փոխանցում է Akunq.net-ը:
Ըստ աղբյուրի` Բեյազասլանը մասնավորապես հետևյալն է ասել հայ լուսանկարչի մասին. «Հետագայում Գազիանթեփի առաջին վարպետները հենց հայից են սովորել այդ մասնագիտությունը: Իմ հայրը ևս եղել է այդ հայ լուսանկարչի աշկերտների մեջ»:
Հիշեցնենք, որ Այնթապի հայերը զանգվածաբար ոչնչացվեցին 1915-1921 թթ.: Հայոց ցեղասպանությունից փրկվածները ապաստանեցին Սիրիայում, Լիբանանում, ԱՄՆ-ում:
Ըստ թուրք ուսումնասիրող Մուրադ Ուչաների` ներկայում Այնթափ նահանգում ապրում է 2 միլիոն մարդ, որի միայն 5 տոկոսն է բնիկ այնթափցի: Եվ այդ 5 տոկոսի գրեթե կեսը (այսինքն` 50 հազարը) կազմում են իսլամացած հայերը: Սակայն նրանց մեծ մասը մերժում է իր հայկական ծագումը` ասելով. «Մենք մուսուլման թուրք ենք»: Մոտ 25 հազար իսլամացած հայ է ապրում Այնթափի կենտրոնում, իսկ Նիզիփի և Բիրեջիքի բնակչության մեկ երրորդը բաղկացած է կրոնափոխ հայերից: