Ադրբեջան այցելած հայկական արմատներով բելառուսցի բլոգեր Վլադիսլավ Մովսեսովը հայտնում է, որ իր մոտ ամեն ինչ կարգին է: Մովսեսովը հայտնում է իր բլոգում հրապարակված տեսանյութում:
«Երեկ երեկոյան ես հասել եմ անվտանգ վայր: Այժմ ուրախությամբ հայտնում եմ, որ ամեն ինչ լավ է: Հետապնդումը սահմանի մյուս կողմում է մնացել: Ադրբեջանը լուռ է, լավ է: Սպասեք նորությունների»,- նշել է Մովսեսովը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր արձագանքողներին:
Բլոգերը նախորդ տեսանյությում հայտնել էր, որ Ադրբեջանը հուլիսի 13-ին իր նկատմամբ հետախուզում է հայտարարել, իսկ ինքն արդեն լքել է Բելառուսը:
«Երեկ Ադրբեջանն իմ նկատմամբ հետախուզում է հայտարարել: Ես արդեն լքել եմ իմ երկիրը, սակայն իմ անվտանգության նկատառումներից ելնելով՝ դեռևս չեմ կարող ասել, թե ուր եմ գնում: Այն բոլոր երկրներին, որոնք ինձ իրենց համախոհն են համարում, խնդրում եմ իմ իրավիճակի հետ կապված քայլեր ձեռնարկել: Այն հետևորդները, որոնք չեն կարող ոչնչով օգնել խնդրում եմ տարածեն այս տեսանյութը: Իմ կյանքը հիմա վտանգված է: Ինձ ամեն քայլի հետևում են, հավատացեք, ես գիտեմ, թե ինչ եմ ասում: Եթե ես 3 օր հետո կապի դուրս չգամ, դա կնշանակի, որ ինձ հետ ինչ-որ վատ բան է պատահել»,- հրապարակած տեսանյութում նշել էր Մոսեսովը:
Բլոգերը գրել էր, որ ինքն Ադրբեջան այցելել է խաղաղ, զբոսաշրջության նպատակով և որ իր հրապարակած տեսանյութի նպատակը խաղաղ է եղել:
«Իմ հասցեին համացանցում ամենից շատ հնչող մեղադրանքն այն է, որ իմ հրապարակած տեսանյութն ունի սադրիչ նպատակ և որ ադրբեջանցիներին վարկաբեկելու համար ինչ-որ երկիր ինձ գումար է տվել»,- ասել էր բլոգերը:
«Ես Ադրբեջան խաղաղությամբ եմ այցելել, ինչպես և այցելում եմ այլ երկրներ: Տեսանյութում նշել եմ, որ նպատակը մարդկանց ցույց տալն է այնպիսին, ինչպիսին նրանք կան: Տեսանյութում հրապարակել եմ մարդկանց, ովքեր ինձ կացարան են տվել, հաց են տվել, օգնել ճանապարհ գնալ, սակայն բոլորը այդ տեսանյութում միայն բացասականը տեսան»,- հավելել էր նա:
Բելառուսական անձնագրով Ադրբեջան անցած հայկական արմատներով բլոգերը մեկ այլ տեսանյութում էլ անդրադառնալով Ադրբեջան կատարած այցին, հայտնել էր, որ սպառնալիքներ է ստանում: