Երիտասարդ ջութակահարուհի Դիանա Ադամյանն արդեն իսկ ճանաչված է դասական երաժշտության սիրահարների շրջանում: Վերջերս երաժիշտը Իեհուդի Մենուհինի անվան երիտասարդ ջութակահարների միջազգային մրցույթում առաջին մրցանակին է արժանացել 16-21 տարեկանների խմբում: Սա Դիանայի առաջին հաղթանակը չէ. ջութակահարուհին հասցրել է դափնիներ նվաճել բազում այլ միջազգային մրցույթներում:
«Արմենպրես»-ի հեղինակային «Նորամուտ» նախագծի հերոսը ծնվել է 2000 թ. Երևանում: Փաստում է՝ իր մեջ երաժշտության նկատմամբ սեր են սերմանել հենց երաժիշտ ծնողները՝ Նունե Անտաշյանն ու Հակոբ Ադամյանը: Մեզ հետ զրույցում Դիանան պատմում է նվեր ստացած խաղալիք ջութակի, մասնակցած միջազգային մրցույթների, Պինկաս Ցուկերմանի հետ համագործակցության ու կրթությունը շարունակելու կարևորության մասին: