Տեղացած հորդ անձրևները ևս լիովին չեն վերացրել հրդեհային իրավիճակը Տորֆավանի տորֆանոցում
Advertisement 1000 x 90

Տեղացած հորդ անձրևները ևս լիովին չեն վերացրել հրդեհային իրավիճակը Տորֆավանի տորֆանոցում

Հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում տեղացած հորդ անձրևը նույնպես չի մեղմել հրդեհային իրավիճակը Տորֆավան գյուղի տարածքի տորֆանոցում, ուր հուլիսի 5-ից տորֆն այրվում է ստորգետնյա շերտերում:

Ինչպես տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Մնացական Փոստոյանը, մոտ երկու ժամ տևողությամբ տեղացած հորդ անձրևը մինչև 15 սանտիմետր իջել է հողի շերտի մեջ, սակայն տորֆի հրդեհի օջախներն ավելի խորն են:

«Մենք ամենայն ուշադրությամբ հետևում ենք մեր առանձնացրած շրջանագծին ու նրան հարակից տարածքներին և անմիջապես կանխում վտանգը, որը վերգետնյա մասում երևում ու տարածվում է հրդեհը: Անձրևից հետո շուրջօրյա աշխատանք չենք կատարում, սակայն տարածքը մշտապես պահում ենք հսկողության ներքո: Ժամանակ ենք շահում, մինչև մոտակա օրերին սկսվի հացհունձը, ոռոգվեն տորֆանոցի մերձակայքի կարտոֆիլի ցանքերը, ինչից հետո նոր կարելի կլինի վտանգավոր իրավիճակը հաղթահարված համարել»,- ներկայացրեց հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարը: