Մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակի միջոցառումների ծրագրով ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդելի կենտրոնական գրադարանի և արվեստի կենտրոնում Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Այցելի՛ր Երևան-2800» խորագիրը կրող ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառման ներկա են եղել Կալիֆորնիայի Սենատի անդամ Էնթոնի Պորտանտինոն, Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը, հայազգի մտավորականներ, արվեստագետներ, ինչպես նաև հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Ցուցահանդեսում ներկայացված շուրջ 50 լուսանկարներում պատկերված է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի, ինչպես նաև խորհրդային ժամանակաշրջանից մինչև մեր օրերի Երևանը: Լուսանկարների բնօրինակներից շատերը մինչև օրս պահպանվում են Երևան քաղաքի պատմության թանգարանում և արտատպվել են հատուկ «Այցելի՛ր Երևան – 2800» ցուցահանդեսում ներկայացվելու համար:
Հատկանշական է, որ առանձին ցուցասրահում ներկայացվել են նաև Գլենդելում ապրող հայ արվեստագետների աշխատանքները՝ նվիրված Երևանին:
«Այցելի՛ր Երևան – 2800» ցուցահանդեսի նպատակն է հնարավորություն ընձեռել բոլորին զգալու հնամյա մայրաքաղաքի շունչն ու ջերմությունը, յուրահատուկ մթնոլորտը, ինչպես նաև հրավիրել բոլորին հյուրընկալ մեր քաղաք՝ միասին տոնելու Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանը:
Նշենք, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչև հուլիսի 22-ը: