Արմեն Սարգսյանը, Լևոն Արոնյանը և հայկական շախմատը. հայտնի բլոգեր Nas Daily-ն հրապարակել է նոր տեսանյութ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արմեն Սարգսյանը, Լևոն Արոնյանը և հայկական շախմատը. հայտնի բլոգեր Nas Daily-ն հրապարակել է նոր տեսանյութ

Հայաստան այցելած հայտնի բլոգեր Nas Daily-ն, ով նախօրեին ողջ աշխարհին պատմել էր հայկական ցայտաղբյուրների մասին, այս անգամ հրապարկել է «Ինչպես է Հայաստանը կրթում երեխաներին» խորագրով մեկ րոպեանոց տեսանյութ, որի առանցքում շախմատն է:

«Հայաստանի նման վայրերն ինձ հույս են տալիս, որ կլինի աշխարհ, որտեղ ամեն ոք կարող է դառնալ լավագույնն այն ոլորտում, որը սիրում է… և այդ ամենն ի շնորհիվ կրթության»,- գրել է բլոգերը:

Տեսանյութում նկարահանվել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, գրոսմայստեր Լևոն Արոնյանը, շախմատ խաղացող բազմաթիվ երեխաներ: «Հայաստանում ես ապշած էի՝ տեսնելով, որ մաթեմատիկայի ու գիտության կողքին երեխաները նաև շախմատ են սովորում»,- նշել է բլոգերը՝ ընդգծելով, որ հատուկ հարմարեցված դասասենյակներում իրականացվող ուսուցումը երեխաներին սովորեցնում է ճիշտ կենտրոնանալ ու զարգացնել մտավոր ունակությունները: «Շախմատի հարցում Հայաստանն աշխարհում լավագույն երկրներից է»,- նշում է:

Նախքան տեսանյութի հրապարակումը՝ բլոգերը «Instagram»-ում հրապարակել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ արված լուսանկարը և կատարել հետևյալ գրառում. «Շատ քաղաքական գործիչները խոսում են միայն քաղաքականության մասին: Բայց Հայաստանի նախագահն ուղղակի ապշեցնում է. նա որոշեց, որ ավելի լավ է կատակել 20 տարվա հնության կոնյակով բաժակի շուրջ: Անհավանական է: Շնորհակալություն մեզ հյուրընկալելու համար, պարոն Նախագահ»,-ասված է գրառման մեջ:

Nas Daily-ն հուլիսի 17-ին հրապարակել էր «Անվճար ջրի երկիր Հայաստան» խորագրով տեսանյութը: Բլոգերն ունի 7 մլն-ից ավելի հետևորդ: Նա 7-10 օր անցկացնելու է Հայաստանում և նկարահանելու է տեսանյութեր:

Բլոգերի այցը Հայաստան իրականացվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և Զբոսաշրջության պետական կոմիտեի նախաձեռնությամբ: